AM
19 December 2024 - 13:43 AMT

Հոլանդական վարդեր աճեցնող ընկերությունը Կոտայքում նոր ջերմատուն կկառուցի․ 7.5 մլրդ դրամի ներդրում կարվի

«ՌՈԶ ԱՐՏ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է հոլանդական վարդերի աճեցմամբ, նախատեսում է Կոտայքի մարզում ընդլայնել առկա 26․5 հա հոլանդական վարդի աճեցման ջերմոցային տնտեսությունը և կառուցել 6 հա մակերեսով նոր ջերմատուն։ Գործադիրը բավարարել է հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 7.5 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումների և հումքի ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը), շինարարական աշխատանքների իրականացման համար։

Նոր ջերմատունը հագեցած կլինի հիդրոպոնիկ եղանակով բարձրակարգ հոլանդական վարդերի աճեցման համար անհրաժեշտ ֆրանսիական Ռիշել Գրուպ ընկերության վերջին սերնդի մետաղակոնստրուկցիայով և սարքավորումներով, հատուկ լաբորատոր պայմաններում աճեցված վարդի տնկիներով:

Ներկայումս առկա է 292 աշխատատեղ 370 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ., նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 337-ի՝ 370 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 214 մլն դրամ: