Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՔՊ-ն իր կոալիցիոն գործընկերի հետ կրկին օրակարգ են բերել «կարմիր գծերի» վերաբերյալ որոշման նախագիծը՝ 2025 թվականի համար։
«ՔՊ-ն «կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160,000 դրամ։
Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, «Մայր Հայաստան» խմբակցությունը պայքարում էր «կարմիր գծերի» ապօրինի թանկացման դեմ և դիմել էր դատարան։
Դեկտեմբերի 19–ին ՀՀ վարչական դատարանը ոչ իրավաչափ՝ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետարանի հայտնի «կարմիր գծերի» որոշումը։ Այսօր արդեն ՔՊ-ն, իր կոալիցիոն գործընկեր «Հանրապետությունը» և իրենց հաճախորդները նորից բերել են նույն խայտառակ որոշման նախագիծը՝ հաջորդ 2025 թվականի համար։
Հ.Գ. Մարտնչող տգիտությունը և պնդաճակատությունը սահման չունի»,- ասվում է գրառման մեջ։
Դեկտեմբերի 19–ին քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար Երևանի ավագանու կողմից սահմանված նոր դրույքաչափերը, որոնք գործում են 2024–ի հունվարի 1–ից։ Նա հավելել է, որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և որ քաղաքապետարանը բողոքարկելու է որոշումը։
2024-ի հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանվել էին նոր դրույքաչափեր, որոնք հաշվարկվում էին ըստ քաղաքի գոտիավորման: «Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված էր 300 դրամ, մեկ օրվա համար` 2000 դրամ, մեկ շաբաթվա` 5000 դրամ, մեկ ամսվա՝ 18,000 դրամ, իսկ մեկ տարվա` 160,000 դրամ: «Բ» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված էր 200 դրամ, մեկ օրվա համար՝ 1000 դրամ, մեկ շաբաթվա՝ 2000 դրամ, մեկ ամսվա` 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24,000 դրամ: