AM
23 December 2024 - 08:33 AMT

Ավինյանը` ԱՄՆ այցի մասին․ Որոշել եմ այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով իր ԱՄՆ կատարած այցի շուրջ հնչող քննադատություններին, ասել է, որ որոշել է այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն։

«Նոյեմբերի 22-ի՝ ԱՄՆ այցի համար ավիատոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին, և եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կրկնակի կամ եռակի թանկ կգնեինք։ Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն։ Թե ինչ գումարներով, կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել»,- ասել է քաղաքապետը, հայտնում է Radar Armenia-ն։

Նրա բնորոշմամբ՝ անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա․

«Պետք է խնդրեմ դուրս բերել՝ որ կետից ենք հաստատել, որ պետք է մեկնենք, որ կետում և ինչ պատճառով է որևէ տեղեկատվություն մնացել, ու գործողություն չի եղել, և ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն պատասխանատուները։ Հայտնվեցինք մի իրավիճակում, երբ մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել տվյալ գործողության համար, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով, մի իրավիճակի առաջ հայտնվեցինք, երբ «նոր տարվա վատ նվեր» արվեց։ Ամեն մեկն իր մասով պետք է հասկանա, թե ինչքան կարևոր է ժամանակին արձագանքել հանձնարարականին»,- հավելել է Տիգրան Ավինյանը։

Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել էր ԱՄՆ և ըստ պետգնումների պետական համակարգի, գնվել է 9 ավիատոմս։ Բիզնես դասի մեկ ավիատոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ, իսկ էկոնոմ դասի 8 ավիատոմսը՝ 4 միլիոն 815 հազար դրամ։