Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն ավագանու նիստում ասել է, որ թեև դատարանը վճիռ է կայացրել և անվավեր ճանաչել «կարմիր գծերի» որոշումը, սակայն նախագիծը կրկին օրակարգ է բերվել։
«Դուք այդքանից հետո նորից առանց փոփոխության 2025 թվականի համար ավագանու նիստին եք բերել «կարմիր գծերը»՝ թանկ տարբերակով։ Դուք ձեր աչքերով տեսնում եք, որ կենտրոնը չի բեռնաթափվել, եթե չասենք որ շատացել են խցանումները։ Ինչո՞ւ եք նույն ձևով «կարմիր գծերը» թանկ տարբերակով բերել։
Անցած տարի «կարմիր գծերը» թանկացրեցիք», «Մայր Հայաստանը» և ընդդիմությունն ասում էին, որ չթանկացնեք, որովհետեև այդ էֆեկտը չի ստեղծելու»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ ասել է, թե դատարանի այդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, հնարավոր է բեկանվի։ Նա նաև նշել է, որ դատարանի նման որոշման պատճառն այն է եղել, որ թանկացման հիմնավորումներ չեն եղել, իսկ ներկայում իրենք վերաքննիչ բողոքի համար հիմնավորումներ են տարել դատարան։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե «կարմիր գծերի» հարցը երբևէ գումարի հարց չի եղել, հայտնում է Radar Armenia-ն։
Նա հավելել է, որ ավտոկայանատերի վարձավճարը նախորդ տարի սահմանելուց հետո չեն նշել, թե բեռնաթափման խնդիրը կլուծվի արմատապես։
Ըստ քաղաքապետի՝ Սարյան փողոցում կամ Կենտրոնի շատ այլ հատվածներում կայանատեղիի գինը եթե 1000-1200 դրամ էլ սահմանվի, միևնույն է` իրավիճակն արմատապես չի փոխվի։
«Սակայն Խանջյան փողոցում, Մաշտոցի պողոտայում, Սայաթ-Նովա փողոցում և որոշ այլ հատվածներում զգալի փոփոխություններ կան։ Եթե նախկինում կայանատեղ գտնելու համար անհրաժեշտ էր 20 րոպե, ապա հիմա հնարավոր է երեք րոպեում կայանել մեքենան։ Կայանատեղիների սահմանափակման և վճարների մեխանիզմը հեծանիվ հորինելու փորձ չէ։ Ամբողջ աշխարհում, երբ կա քաղաքային երթևեկությունը բեռնաթափելու խնդիր, առաջին լուծումը կայանատեղիների սահմանափակումն է և դրանց վճարները»,–ասել է քաղաքապետը։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իոսիֆ Կուբատյանն էլ նկատել է, որ դպրոցի արձակուրդները քաղաքի կենտրոնը բեռնափաթում է, իսկ «կարմիրև գծերը»՝ ոչ։