AM
25 December 2024 - 09:49 AMT

Նախարար․ 2025–ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չեն արվի

2025–ին հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող վերադարձվող եկամտահարկը հարկելու ուղղությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը քայլեր չեն ձեռնարկի։ Այդ մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ կառավարությունում քննարկվում է հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող վերադարձվող եկամտահարկի 20%-ով հարկման հնարավորությունը:

Նախարարը հայտարարել է, որ եկամտահարկի հարկման նախագիծը իրենք ոչ թե դրել էին շրջանառության մեջ, այլ ուղարկել էին գործընկեր կառույցներին` կարծիքներ իմանալու համար, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ուզում ենք հասկանալ, թե հարկային տարբեր արտոնությունները որքանո՞վ են արդյունավետ։ Եկամտահարկի վերադարձի մեխանիզմը մեծապես ռեգրեսիվ է, քանի որ ստացվում է` ավելի բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիներն ավելի շատ են արտոնություններից օգտվում»,– հայտարարել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` նախարարությունը հիփոթեքային վարկերի տոկոսներից վերադարձված գումարները սկսեց դիտարկել որպես հավելյալ եկամուտ ու որոշեցին այն հարկել, որպեսզի այդ ուղղությամբ պետության ծախսերը մի փոքր ավելի նվազեցնեն։ Հովհաննիսյանը նշել է, որ եկամտահարկի վերադարձի գումարների մասով պետական բյուջեի ծախսերը հասել են 80 մլրդ դրամի։

Նա տեղեկացրել է նաև, որ 2024 թ. բյուջետային ծախսերի մեջ արդեն իսկ արտացոլվում են հիփոթեքային վարկերի վերադարձի գումարները, որոնք մինչ այդ զտվում էին ու չէին ներկայացվում։

«Այն, որ այս գումարները բյուջեում չէին երևում, էականորեն խեղաթյուրում էր մեր եկամուտներն ու ծախսերը։ Բոլորը պետք է մեր փաստաթղթից տեսնեն, թե մենք որքան աջակցություն ենք տալիս մարդկանց։ Մյուս տարվա միակ նորամուծությունը կլինի այն, որ 2025 թ. բյուջեում եկամտահարկի վերադարձի գումարները կերևան»,– ընդգծել է Հովհաննիսյանը։

Նոյեմբերին ՊԵԿ–ը հայտարարել էր, որ հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձը 2024 թվականին արդեն իսկ կազմել է 81 մլրդ դրամ։

2025 թվականին կանխատեսվում է ավելի քան 3 մլրդ դրամով շատ վերադարձ։ Ընդհանուր առմամբ նորակառույցներում բնակարաններ ձեռք բերած քաղաքացիներին կվերադարձվի 84.7 մլրդ դրամի եկամտահարկ։