AM
25 December 2024 - 09:52 AMT

ՀՀ-ն 2025–ին եվրոբոնդ կթողարկի

Հայաստանը նախատեսում է հաջորդ տարի եվրոբոնդ թողարկել, նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, հայտնում է Արմենպրեսը։

«Մեր միջնաժամկետ պարտքի ռազմավարության մեջ նշված է, որ մենք 2025 թվականին թողարկելու ենք եվրոբոնդ: Ուրախ եմ ասել, որ վերաֆինանսավորման ռիսկը մեծապես նվազեցրել ենք, որովհետև 2025-ին մարվող եվրոբոնդի մի մասն անցյալ տարի հետ ենք գնել: Այսինքն՝ այն բեռը, որն ունենք վճարելու մյուս տարի, էականորեն թեթևացրել ենք:Հայաստանը պլանավորում է գնալ այդ ուղղությամբ, նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում: Ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասել է Հովհաննիսյանը:

Հայաստանի կառավարությունը ակնկալում է, որ 2024–ի արդյունքում համախառն ներքին արդյունքը կաճի 5.5 տոկոսով, իսկ պետական պարտքը կլինի ՀՆԱ-ի մոտ 50 տոկոսի շրջանակում: