AM
25 December 2024 - 10:30 AMT

Նախարար․ ՌԴ-ի հետ քննարկում ենք զենքի համար փոխանցած գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քննարկվում է ՌԴ-ին զենքի համար տրված գումարով ՀՀ-ի այլ պարտքի մարում, ասել է, որ այդ հարցի շուրջ կա երկխոսություն։

«ՀՀ-ն և ՌԴ-ն ունեն որոշակի երկխոսություն՝ հաշվանցելու առկա պարտքը։ Երկկողմանի պարտավորություններ կան, որոնք առաջացել են այս կամ այն փուլում, այդ պարտավորությունները միմյանց հետ հաշվանցելու մասին քննարկում գոյություն ունի»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը։

ՌԴ-ից զենք ձեռք բերելու համար փոխանցված գումարի չափը պաշտոնապես չի բացահայտվում։ Մինչ այս շրջանառվել են տեղեկություններ 200-ից մինչև 400 մլն դոլարի փոխանցման մասին։

Նախարարը չի ասել, թե ՌԴ-ի հանդեպ ունեցած ո՞ր պարտքի մարմանը կարող է այն ուղղվել, անգամ՝ ոլորտը չի բացահայտել։

Այն մասին, որ Ռուսաստանը ՀՀ-ին ստացված գումարի դիմաց սպառազինություն չի մատակարարել 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը թեև կոնկրետ երկրի անուն չէր տվել, բայց 2022 թվականի սեպտեմբերի 29-ին՝ հրապարակավ դժգոհել էր դաշնակից համարվող երկրներից։

Ֆինանսների նախարարությունից 2023–ի դեկտեմբերին հայտնել էին, որ Հայաստանը Ռուսաստանին այդ պահի դրությամբ պարտք է 280 մլն դոլար, որը համարժեք է 112 մլրդ դրամի։ Պարտքը գոյացել է ՌԴ-ից վերցված երեք վարկերից։ ՀՀ-ն 2015 թվականին ՌԴ-ից 270 մլն դոլարի վարկ է ստացել ատոմակայանի վերականգման ծրագրի համար, որի մնացորդը պատասխանի տրամադրման պահին կազմում էր 102 մլն դրամ։ Նույն թվականին ՌԴ-ից ևս մեկ՝ 200 մլն դոլարանոց վարկ է վերցրել՝ զենքեր ձեռք բերելու համար։ Այս վարկի մնացորդը մեկ տարի առաջ այս օրերին փոխանցված պատասխանի համաձայն 80 մլն դոլար է։ Նույն նպատակով ՌԴ-ն 100 մլն դոլարի վարկ էլ տվել է 2017-ին, մնացորդն կրկին նախորդ տարվա տվյալներով 97 մլն դոլար է։ Ուշագրավ է, որ ՌԴ-ն վարկերը տրամադրել է հենց իրենից զենքեր գնելու նպատակով։