AM
26 December 2024 - 10:10 AMT

Կոմիտեի նախագահ․ Ձմեռային տուրիզմը ՀՀ–ում կարող է պահանջված դառնալ

Ձմեռային տուրիզմի զարգացման համար Հայաստանում մեծ ներուժ կա, և որոշակի ներդրումների արդյունքում այն կարող է դառնալ զբոսաշրջության համար շատ պահանջված: Այդ մասին ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ նշելով, որ ձմեռային տուրիզմն ու սպորտաձևերը կարող են շատ հետաքրքրել արաբական աշխարհից՝ ԱՄԷ-ից, Կատարից, Օմանից և այլ երկրներից եկող զբոսաշրջիկներին:

Գևորգյանի խոսքով՝ այս երկրներում չկա ձմեռ, այդ պատճառով ձմեռային զբոսաշրջությունը գեղեցիկ փաթեթավորելու դեպքում կարող է շատ լավ պրոդուկտ դառնալ հենց արևելյան երկրների զբոսաշրջիկների համար, հայտնում է Արմենպրեսը։

«Էկոնոմիկայի նախարարությունը մեծ աջակցություն է ցուցաբերել Ապարանի ձմեռային հանգստյան գոտուն և շարունակում է մշտապես աջակցել: Առհասարակ խոշոր ներդրողները գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Ամեն ինչ արվում է, որպեսզի ներդրումները կայանան և ծառայեն իրենց նպատակներին: Նշեմ նաև, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագիրը, այսինքն՝ էլեկտրական հոսանքի, ջրի, գազի, ճանապարհների կառուցման մասով պետությունն աջակցություն է ցույց տալիս ներդրողներին»,-ասել է Գևորգյանը:

Նա նշել է, որ ձմեռային տուրիզմի տեսակետից մեծ ներուժ ունի Ծաղկաձորը, որտեղ անհրաժեշտ է պետական ներդրումներ իրականացնել: Ըստ նրա՝ առաջիկայում Զբոսաշրջության կոմիտեն ինչ-որ ծրագրերի շրջանակներում ճանապարհների և հյուրանոցների կողմից մարտուցվող ծառայությունների լավարկում կիրականացնի:

«Շիրակի մարզը նույնպես մեծ պոտենցիալ ունի, այն մեր ամենացուրտ և հյուսիսային մարզն է և այնտեղ համապատասխան ներդրումներ իրականացնելուց հետո մենք կարող ենք ունենալ ամենաերկար ձմեռը Հայաստանում, որը կարող ենք շատ լավ վաճառել ձմեռային սպորտաձևերը սիրող մեր զբոսաշրջիկներին: Կարծում եմ Հայաստանում ձմեռային զբոսաշրջության մեծ ներուժ կա, պարզապես զբոսաշրջության այս ճյուղը մի փոքր ավելի ներդրում պահանջող տեսակ է»,-նշել է նա:

Գևորգյանն ընդգծել է՝ ամռան օրերին բացօթյա փառատոները շատ են և եղանակով պայամանավորված՝ հնարավորությունները շատ ավելի մեծ են, իսկ ձմռան ամիսներին, երբ բացօթյա միջոցառումների հնարավորություն չկա, պետք է իրականացնել իրադարձային տուրիզմ՝ օրինակ՝ մեծ համերգներ, որոնց գովազդը կիրականացվի նաև հարևան երկրներում, Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում:

«Այսինքն, մենք պետք է իրադարձություններ ստեղծենք, որոնց մասնակցելու նպատակով զբոսաշրջիկները գան մեր երկիր: 2018-2019 թվականի Նոր տարվա գիշերը Հանրապետության հրապարակում սերբ երգիչ Գորան Բռեգովիչը ելույթ ունեցավ, հենց այդ երգչի համերգին մասնակցելու համար մեր հարևան երկրներից շատ զբոսաշրջիկներ էին եկել Հայաստան»,-ասել է Գևորգյանը:

Նա ընդգծել է՝ ձմեռային ամիսները լրացնելու և զբոսաշրջիկների լրացուցիչ ներհոսք ապահովելու համար պետք է հետաքրքիր նախագծեր իրականացնել։

«Օրինակ՝ սեպտեմբերին անցկացված WCIT-ն և նմանատիպ այլ միջոցառումները, որոնք հնարավոր է բերել Հայաստան, պետք է անցկացնել ոչ թե զբոսաշրջային պիկ ամիսներին՝ այլ ձմռանը»,–ասել է նա։