AM
27 December 2024 - 08:19 AMT

Ավինյան. Մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը նախատեսվում է մեկնարկել 2026–ին

Երևանի մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը նախատեսվում է մեկնարկել 2026–ին: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան:

«Այս տարի մենք փաստացի ունենք նախագծի պարզ փորձաքննությունը, ունենք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական, համալիր փորձաքննության ընթացքում ենք: Եվրասիական հիմնադրամի ունենք բանակցություններ, որոնք արդեն գործնական փուլի են հասել»,–ասել է Ավինյանը՝ հավելելով, որ հիմնադրամը ցանկություն է հայտնում ֆինանսավորել նախագիծը, հայտնում է Արմենպրեսը։

Նա ընդգծել է՝ իրենց ծրագիրն է հաջորդ տարվա ընթացքում ունենալ վերջնական համալիր փորձաքննության արդյունքները, ունենալ տեխնիկատնտեսական ամբողջական ուսումնասիրությունը, հաջորդ տարվա առաջին եռամսյակում ունենալ կառավարության ներդրումային կոմիտեում դրական եզրակացությունը և տարվա վերջում ունենալ արդեն փաստացի շինարար կառուցապատող, որը պետք է սկսի աշխատանքները:

«2025–ի վերջում ունենանք շինարար և 2026–ից սկսենք կառուցել»,–նշեց քաղաքապետը:

Ըստ նրա՝ շատ մեծ խնդիր էր այն, որ նմանատիպ նախագծի փորձաքննություններ անցկացնելու փորձ վերջին մի քանի տասնամյակում ՀՀ–ում չէր եղել: Ավինյանը կարծում է, որ որքան էլ ժամանակային առումով ձգձգվում է կառուցումը, սակայն շատ կարևոր է, որ նախագիծը շատ գրագետ կազմվի, որ հետագայում շինարարության ընթացքում խնդիրներ չառաջանան: