ՀՀ գյուղական համայնքներում ավելի քան 7 հազար միավոր ինքնակամ շենք-շինություն է հաշվառվել, մնացածի օրինականացման ժամկետներն արդեն ավարտվել են։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
«Կոչ եմ անում, հորդորում եմ մարդկանց այլևս գումար չծախսել և ինքնակամ շինություն չկառուցել, չեն օրինականացվելու»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը։
Նա հիշեցրել է, որ 2022 թվականից հետո կառուցված որևէ ինքնակամ շինություն այլևս հաշվառման ենթակա չէ։
Կադաստարի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ 2024-ը ծառայությունների մատուցման տեսանկյունից եղել է աննախադեպ, պետական բյուջե է հավաքագրվել 8.7 մլրդ դրամից ավելի գումար։
«Վարչապետի որոշմամբ արդեն ունեինք տարածքային չորս ստորաբաժանումներ, մենք որոշումով վերամիավորում ենք այդ ստորաբաժանումները՝ համապատասխանաբար թողնելով մեկ գրանցման միասնական ստորաբաժանում: Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են և գրանցման միասնական ստորաբաժանումն է իրականացնելու այդ գործառույթները։ Լոռու մարզային ստորաբաժանումն արդեն փակված է, Սյունիքի և Շիրակի մարզային ստորաբաժանումները կփակվեն արդեն մոտակա մի քանի ամիսների ընթացքում»,– մանրամասնել է Թովմասյանը։
Նա հավելել է, որ Սյունիքում, Շիրակում, Լոռիում նաև ստեղծվել են խորհրդատվական երեք կենտրոններ, որոնք իրենց մեջ ներառում են այդ մարզերում գործող գրասենյակները։