AM
8 January 2025 - 07:47 AMT

Արտոնյալ պայմաններով ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է բաշխման սկզբունքը

Նախորդ տարվա օրինակով, 2025 թվականին արտոնյալ պայմաններով Հայաստան կներկրվի 8000 էլեկտրամոբիլ, սակայն նշված քվոտայի բաշխումն իրականացվելու է նոր սկզբունքով։ Մանրամասները ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը:

Նա նշել է, որ էլեկտրական շարժիչներով ավտոմեքենաների պարագայում ներկրման սակագնային արտոնությունը գործում է արդեն մի քանի տարի, սակայն Եվրասիական տնտեսական միության համապատասխան իրավական ակտերի համաձայն՝ այդ կարգով Հայաստան ներմուծվող մեքենաների քանակը չի կարող գերազանցել 8 հազարը, հայտնում է Արմենպրեսը։

Քվոտան այսպիսին է եղել նաև 2024 թվականին: Դա նշանակում է, որ այս տարվա ընթացքում Հայաստան ներկրած առաջին 8 հազար էլեկտրական ավտոմեքենաների տերերը չեն վճարի ներկրման համար սահմանված մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ:

Մովսիսյանը նշել է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այս տարի արտոնյալ պայմաններով կարող են ներկրել ընդհանուր առմամբ 5 հազար, իսկ դիլերական, դիստրիբյուտորական պայմանագրեր ունեցող տնտեսվարող սուբյեկտները՝ 3 հազար այդպիսի ավտոմեքենա:

Էմմա Մովսիսյանը տեղեկացրել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանում ամբողջությամբ չի օգտագործվել էլեկտրամոբիլների ներմուծման արտոնության քվոտան: Մասնավորապես, 2023 թվականին նման պայմաններով ներկրվել է մոտ 5 հազար ավտոմեքենա, մինչդեռ՝ նախորդ տարվա նոյեմբերի 1-ին սակագնային քվոտան արդեն սպառված էր:

Նրա խոսքով՝ էլեկտրամոբիլներ Հայաստան են ներկրվում գերազանցապես Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից և Չինաստանից: Ակնառու է հատկապես չինական արտադրության մեքենաների քանակի ավելացումը: Հիմնականում գերիշխում են 2022-24 թվականների արտադրության ավտոմեքենաները, որոնք ունենալով համեմատաբար թարմ մարտկոցներ՝ ենթակա են ավելի երկար շահագործման:

«Էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է երկու գործոնով՝ ժամանակակից ավտոմեքենա ձեռքբերելու ցանկությամբ և լիցքավորման առումով դրանց ավելի էժան լինելու հանգամանքով: Միգուցե դրան նպաստում է նաև այն մտավախությունը, որ մաքսատուրքի մասով Հայաստանն այլևս կարող է չունենալ այս արտոնությունը»,- նկատել է Մովսիսյանը: