AM
13 January 2025 - 09:32 AMT

Պապոյան. Չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, ուզում ենք լինել անկախ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարել է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, և այս պահին կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա։

Ըստ նրա՝ ԵՄ անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է, հայտնում է Aysor.am-ը։

«Մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայունությունը, մրցակցությունը բարձրացնելն է։ Էական չէ՝ ՀՀ-ն կլինի ԵՄ-ում, ԵԱՏՄ-ում, ուր կլինի, մեր նպատակն է տնտեսության մրցունակության ավելացումը, արտադրողականությունը աճ, մենք պետք է բարդ ապրանքներ հնարավորինս շատ արտադրենք, հնարավորինս բարձր և մրցունակ ծառայություններ մատուցենք»,-ասել է նա։

Ըստ նախարարի՝ պետք է հարցին նայել ոչ թե այն տեսանկյունից, որ մեր ապրանքերը կարող ենք ԵԱՏՄ-ում վաճառել, որովհետև այլ երկրներում չեն վաճառվելու, այլ որտեղ էլ լինեն՝ լինեն ամենամրցունակը։

«Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, մենք ուզում ենք լինել անկախ, իսկ դա այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, և բոլորն էլ ինչ-որ չափով քեզնից են կախված։ Երկրներ կան, որ աշխարահում, եթե ինչ-որ բան պատահի՝ ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, նրանց տնտեսության հետ լուրջ բաներ տեղի կունենան, ուստի այդ երկրների հետ ոչ մի բան չի պատահի։ Մենք պետ է դառնանք մի պետություն, որ եթե ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսություների հետ էլ բան կպատահի, հետևաբար, մեր երկրի հետ ոչ մի բան չի պատահի։ Դա նշանակում է ատադրել ու աշխարհի տարբեր տեղեր արտահենլ մրցունակ ապրանքներ»,-ասել է նա։

Պապոյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ում, նաև մյուս երկրների պարագայում ծավալները պետք է ավելացնել։

«Մեր առևտրային թիվ մեկ գործընկերն արդեն Էմիրություններն է, խոշոր գործընկերներից են՝ ՌԴ-ն, Չինաստանը, ԵՄ-ն, այսպես շարունակ»,-ասել է նա և նշել, որ թիրախն է նաև Իրանը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։