Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է, որ 2024 թվականին Հայաստան է այցելել մոտ 2.2 մլն զբոսաշրջիկ՝ դա մոտ 7%-ով պակաս է 2023–ի ցուցանիշից։ Նրա խոսքով՝ փաստացի նվազել է միայն Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը։
«2024 թվականին ընդամենը 2-3 հազարով պակաս զբոսաշրջիկ ենք ունեցել` մոտավորապես 2023 թվականի չափ։ 2024 թ․ դեկտեմբերին Հայաստան է ժամանել 134 հազար զբոսաշրջիկ։ 2024 թ․ ընդհանուր առմամբ դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտավորապես 2 մլն 215 հազար։ Զբոսաշրջիկներն ավելացել են Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից, Հարավային Կորեայից»,- ասել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։
Պապոյանը նշել է նաև, որ այս պահին ՀՀ կառավարության թիրախը 2․2-2․3 մլն զբոսաշրջիկն է, սակայն ՀՀ զբոսաշրջության կոմիտեի առջև խնդիր է դրված մինչև 2026 թվականը հասնել 2․5 մլն ցուցանիշների: