Կառավարությունը նախատեսում մի շարք օրենսդրական փոփոխությունները կատարել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և կից օրենքներում՝ նպատակ ունենալով ավելի ճկուն և հարմարավետ դարձնել ՍՊԸ-ների ստեղծման և գործունեության ընթացակարգերը։
Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին ՍՊԸ-ների թվի և տնտեսական ազդեցության աճով, հայտնում է Արմենպրեսը։
2023 թվականին Հայաստանում գրանցված ՍՊԸ-ների թիվը գերազանցել է 91,000-ը, իսկ դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը հասել է 485.3 միլիարդ դրամի։ Նախատեսվում է ՍՊԸ-ի հիմնադրման մասին պայմանագրի կնքման պարտադիր պահանջը դարձնել կամավոր՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ներդրվում է անշարժ գույք։
Կանոնադրության մեջ ընկերության մասնակիցների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներառելու պահանջը հանվում է։ Մասնակիցների փոփոխությունները կկատարվեն ռեեստրում։ Ներդրվում է մասնակիցների միջև համաձայնագրերի կնքման իրավական հիմք, ինչը թույլ կտա հստակեցնել բաժնեմասի տնօրինման և մասնակիցների միջև այլ հարցերի կարգավորումը։ Բաժնեմասի գրավադրման և բռնագանձման ընթացակարգերը կհամապատասխանեցվեն քաղաքացիական օրենսդրությանը՝ վերացնելով ավելորդ սահմանափակումները։
Ընկերության զուտ ակտիվների բացասական մնացորդի դեպքում լուծարման պարտադիր պահանջը կփոխարինվի գործունեությունը շարունակելու հնարավորությամբ՝ հիմնավոր գնահատականների առկայության դեպքում։
ՍՊԸ-ի մասնակիցներին կտրամադրվի առանց ժողով գումարելու որոշումներ կայացնելու իրավունք՝ բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում։
Նոր կարգավորումները կհեշտացնեն գործադիր մարմնի լիազորությունների դադարեցման գործընթացը՝ ապահովելով միաժամանակ աշխատակցի իրավունքների պաշտպանություն։