«Սպայի պատիվ», «Քաջարի զինվորներ», «Գունդ», «Լույս» եւ «Պաշտոնաթող սպաներ» հասարակական կազմակերպությունները եւ լուծարված միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչները ստեղծել են նոր քաղաքական կուսակցություն` ձախկենտրոնամերձ ուղղվածությամբ, որը կոչվել է «Հայրենիք եւ պատիվ»: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը, կուսակցությունը գլխավորում է Ազգային ժողովի պատգամավոր, Ժողովրդական կուսակցության նախկին անդամ Մանուկ Գասպարյանը, իսկ փոխնախագահն է ներքին գործերի նախկին նախարար Լեւոն Գալստյանը: Մանուկ Գասպարյանի խոսքերով` կուսակցության գրանցման վերաբերյալ հայտարարությունն այսօր կհանձնվի արդարադատության նախարարություն: Մանուկ Գասպարյանը հայտնել է նաեւ, որ նորաստեղծ կուսակցությունն արդեն ունի 3700 անդամ, որոնք հիմնականում պաշտոնաթող սպաներ են:Պատգամավորն ընդգծել է, որ կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Իսկ նախագահական ընտրություններին «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը կաջակցի միայն ընդդիմության կողմից առաջարկված միասնական թեկնածուին: «Եթե ընդդիմությունը հանդես չգա միասնական թեկնածուով, ապա կուսակցությունը նախագահական ընտրություններին առաջ կքաշի իր թեկնածուին»,- նշել է գասպարյանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: