AM
15 January 2025 - 11:09 AMT

Նախարար․ Նպաստի չափը կհասնի 55,000 դրամի, իսկ աշխատանքից հրաժարվողները դուրս կմնան համակարգից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հրավիրած ասուլիսում անդրադարձել է անապահովության գնահատման նոր համակարգին՝ նշելով, որ համակարգի ներդրման դեպքում նպաստի չափը կհասնի 55,000 դրամի, իսկ այն շահառուները, որոնք կհրաժարվեն առաջարկվող աշխատանքից, դուրս կմնան համակարգից։

«Անապահովության գնահատման դիմումները մենք ընկալելու ենք որպես աշխատանքի անցնելու հայտադիմում և սկսելու ենք նրանց առաջարկել աշխատանք։ Եվ զբաղվածության ռազմավարությունն այս առումով շատ կարևոր է։ Քաղաքացիների՝ շարունակական աշխատանքից հրաժարվելը մենք դիտարկելու ենք որպես եկամտի աղբյուր ունենալու դրսևորում։ Եվ մի նոր համակարգ ենք ներդնում՝ վերագրումների համակարգը, այսինքն՝ մեր քաղաքացիներին մենք համարելու ենք, որ իրենք առնվազն պարենային զամբյուղի չափով եկամուտ ունեն, եթե հրաժարվում են աշխատել։ Եվ այդ վերագրումները աճեցնելով՝ հասցնելու ենք սպառողական զամբյուղին ու իրենց համակարգից դուրս հանելուն»,- ասել է նախարարը, հայտնում է «Առավոտը»։

Մկրտչյանի խոսքով՝ որպես ցուցիչ վերցրել են անապահովության սահմանային շեմը։ Իսկ անապահովության սահմանային շեմը համարվում է պարենային զամբյուղը, որն այս պահին 34,581 դրամ է։ Կատարվելու է կարիքների գնահատում, և այդ կարիքների գնահատման արդյունքում՝ ընտանեկան և սոցիալական նպաստների փոխարեն ներդրվելու է անապահովության նպաստ։ Այդ նպաստը ստանալու իրավունք են ունենալու մարդիկ, ովքեր գնահատվել են 4 աստիճանի աղքատության ցուցիչով՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով, անապահով։

«Դրանից կախված՝ մենք ընտանիքներին առաջարկելու ենք աջակցության փաթեթ, դա կարող է լինել և դրամական աջակցություն, և կրթական, և կոմունալ, և առողջապահական արտոնություններ։ Գործող համակարգում նպաստի միջին չափը 33,350 դրամ է, նոր համակարգում միջին չափը կբարձրանա՝ կազմելով 49,330 դրամ։

Նպաստառուները նույնպես անկանխիկ վճարումներից հետվերադարձի ծրագրի շահառուներ են, այսինքն՝ եթե մենք սրան գումարում ենք նաև քեշբեքից ստացված արդյունքը, ապա միջինում նպաստի չափը լրացուցիչ կավելանա 5900 դրամով։ Այսինքն՝ անապահովության համակարգի ամբողջական ներդրման դեպքում միջին նպաստը կարող է կազմել մինչև 55,000 դրամ։ Բայց նաև բոլոր այն մարդիկ ովքեր աշխատունակ են, ոչ մի սահմանափակող գործոն չկա, մենք ուղղակի իրենց հետ փորձելու ենք աշխատել՝ զբաղվածություն ապահովելով, հակառակ դեպքում նրանք չպետք է լինեն պետական այս աջակցության ծրագրի շահառու»,- նշել է նա։

Վերջին տվյալներով, ըստ Նարեկ Մկրտչյանի, նպաստառու ընտանիքների թիվը կազմում է 30 հազար։