AM
15 January 2025 - 13:49 AMT

Օվերչուկ․ Ռուսական բիզնեսը դեռ 2024-ից է սկսել կրճատել ՀՀ-ի հետ գործարքները

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները՝ ԵՄ–ին ՀՀ հնարավոր անդամակցության շուրջ քննարկումների ֆոնին։

«Ցավոք, արդեն նախորդ տարի մենք տեսնում էինք, թե ինչպես ԵՄ–ին ՀՀ անդամակցելու քննարկումների ֆոնին ռուսաստանյան բիզնեսը սկսեց ավելի զգուշավորև վերաբերվել այդ երկրի հետ տնտեսական կապերի զարգացմանը։ Մենք տեսանք, որ մի շարք ուղղություններում բիզնես ակտիվությունը սկսել է նվազել»,–ասել է նա, գրում է Interfax.ru-ն։

Օվերչուկը նշել է, որ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծն ԱԺ ուղարկելու ՀՀ կառավարության որոշումը իրավաբանորեն պարտավորեցնող քայլ է և պետք է գնահատվի որպես ԵԱՏՄ–ից դուրս գալու նախաձեռնություն։

«Նրանք ասում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալ չեն պատրաստվում, բայց ինչո՞վ է առանձնահատուկ ներկա իրավիճակը։ ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին խոսակցություններն արդեն վաղուց են գնում։ Բանավեճեր եղան, սակայն հունվարի 9-ին, Հայաստանի կառավարությունը իրավական առումով նշանակալի քայլ կատարեց՝ հավանություն տալով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը հռչակող օրինագծին։ Սա է այս իրավիճակի առանձնահատկությունը։ Սա Հայաստանի կառավարության որոշումն էր և մենք այն դիտարկում ենք որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,- ասել է Օվերչուկը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ չնայած դրան, ՀՀ–ն շահագրգռված է պահպանել ԵԱՏՄ երկրների շուկան։

«Հաջորդ քայլերը Հայաստանի կառավարությունը պետք է անի։ Նրանք կամ պնդում են, որ նման հարց ՀՀ կառավարության օրակարգում չկա, կամ չեն ցանկանում, չեն ծրագրում հեռանալ, կա՛մ՝ որ կգնահատեն, թե որտեղ իրենց համար ավելի լավ կլինի։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։ ։

Ըստ նրա՝ «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի նախաձեռնողները հիանալի հասկանում են, որ ԵՄ-ին անդամակցելը շատ հիպոթետիկ բան է, և, անշուշտ, չեն ցանկանում կորցնել այն տնտեսական օգուտներն ու առավելությունները, որ ունեն որպես ԵԱՏՄ անդամ երկիր։

«Թարմ վիճակագրություն կա՝ 11 ամսվա տվյալներով Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 11․6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար, մինչդեռ ԵՄ-ի հետ առևտուրը մի քանի անգամ պակաս է և նվազում է։ Սա է ասում տնտեսությունն ու իրականությունը»,- ասել է Օվերչուկը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։