Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պարզաբանումներ է ներկայացրել այն մասին, թե որ խմբերն են 2025 թվականին պարտավոր ներկայացնել հայտարարագիր:
«Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ եք և 2024 թվականին աշխատել եք՝ անկախ աշխատանքի տևողությունից կամ եկամտի աղբյուրի տեսակից, ապա պարտավոր եք լրացնել և ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Սա վերաբերում է ինչպես աշխատանքային պայմանագրով աշխատողներին, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտ ստացած անձանց»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտարարագիր պետք է ներկայացնել անգամ այն դեպքում, եթե անձը 2024–ին աշխատել է ընդամենը մեկ ամիս, ընդ որում, հայտարարագիրը պետք է ներկայացնել ամբողջ տարվա համար։
Նշվում է, որ նախորդ տարիներին (օրինակ՝ 2023-ին) հայտարարագիր ներկայացրած անձինք պարտավոր են շարունակել այդ գործընթացն անկախ նրանից, թե 2024 թվականին աշխատել եք, թե ոչ։
Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն միայն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները։ Այն անձինք, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն կամ ունեն միայն ՀՀ կացության կարգավիճակ, բայց բնակվում և աշխատում են Հայաստանում, հայտարարագիր չեն ներկայացնում։
Ռեզիդենտ համարվելու համար անհրաժեշտ է, որ անձը 2024 թվականի ընթացքում առնվազն 183 օր գտնված լինի Հայաստանում կամ նրա կենսական շահերի կենտրոնը տեղակայված լինի ՀՀ-ում։
ՊԵԿ-ը նշել է նաև հատուկ դեպքերը, օրինակ՝
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների դեպքում, եթե նրանք չունեն ՀՀ քաղաքացիություն, ապա հայտարարագիր ներկայացնելու պարտականություն չունեն:
Անչափահասները, ինչպես նաև նրանց ծնողները, խնամակալներն ու հոգաբարձուները, ազատվում են հայտարարագիր ներկայացնելուց, եթե միայն անչափահասը անկախ մասնագիտական գործունեություն չի իրականացրել:
Կենսաթոշակառուները չեն ներկայացնում հայտարարագիր, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք վարձու աշխատող են կամ այլ հիմքերով հայտարարատու են համարվում:
Այն անձինք, որոնք բնակվում են Հայաստանում, բայց աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, պետք է ներկայացնեն հայտարարագիր, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի են, բայց Հայաստանից աշխատում են արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն աշխատավարձը ստանում են արտերկրից։
«Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում։ Օրինակ՝ այն երկրում, որտեղից ստացել եք աշխատավարձ եկամտային հարկը 18 % է, ապա մնացած 2 %-ը պետք է վճարեք Հայաստանում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Այն անձինք, որոն գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում (ֆիզ․արձակուրդ), ևս պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, քանի որ համարվում եք վարձու աշխատող։
Այն անձինք, որոնք իրականացնում են անկախ մասնագիտական աշխատանք (ինքնազբաղված, ֆրիլանս), ևս պետք է ներկայացնեն հայտարարագիր, եթե 2024 թվականի ընթացքում իրականացրել են անկախ մասնագիտական աշխատանք և ստացել հարկվող եկամուտ, իսկ անչափահասի դեպքում՝ հաշվարկը (հայտարարագիրը) նրա փոխարեն լրացնում է ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։
«Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք կրթաթոշակ կամ դրամաշնորհ, ապա չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում, միաժամանակ, եղել եք նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրով ստացել եք հարկվող եկամուտ կամ սահմանված մյուս հիմքերով համարվում եք հայտարարատու (եթե օրենքով սահմանված հիմքերով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):
Եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք 20 մլն դրամ և ավելի վարկ, այս դեպքում վարկը, այդ թվում հիփոթեքային, չի դիտարկվում որպես փոխառություն և, եթե 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով ստացել եք վարկ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս որևէ հիմքով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք ստացված վարկի գծով եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ)»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ՊԵԿ-ն ընդգծել է նաև եկամտի աղբյուրների տարբեր տեսակների դեպքում պարտավորությունները:
«Եթե վարձակալությամբ եք հանձնել անշարժ գույք, պարտավոր եք 2025 թվականին վճարել 10% եկամտային հարկ և ներկայացնել համապատասխան հայտարարագիր։ Իսկ այն դեպքերում, երբ եկամուտները ստացվել են արդեն իսկ հարկված երկրներից, Հայաստանում լրացուցիչ հարկման անհրաժեշտություն չի առաջանում, եթե եկամտահարկը 20%-ից բարձր է եղել։
Եթե 2024 թվականի ընթացքում վաճառել եք անշարժ գույք և այդ գործարքից ստացել եկամուտ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով որևէ մեկով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ, եթե օտարվել են հարկային գործակալ չհանդիսացող անձի, օրինակ՝ ֆիզիկական անձի):
Հայտարարագիր ներկայացնողների ամբողջական ցանկը ներկայացված է կայքում։