AM
23 January 2025 - 10:19 AMT

ԱՀԾ. Իրանի և ՌԴ–ի դեմ պատժամիջոցները մարտահրավեր են ՀՀ տնտեսության համար

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը 2025–ի արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցում անդրադարձել է նաև տնտեսական ռիսկերին՝ նշելով, որ երկրորդային պատժամիջոցները սահմանափակում են Հայաստանի տնտեսական զարգացումը՝ ավելացնելով տարածաշրջանային մարտահրավերները։

Նշվում է, որ ՀՀ համար կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ ՌԴ և Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները, որի հետևանքով մեր առկա տնտեսական ներուժի օգտագործումը սահմանափակված է երկրորդային պատժամիջոցների ռիսկերով։

«Երկրորդային պատժամիջոցների ավելացման պայմաններում Հայաստանի տնտեսությունը կբախվի նոր սահմանափակումների։ 2025 թվականին թե Ռուսաստանի, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կամ մեղմացումը, որը Հայաստանի տնտեսության համար կունենա էական ազդեցության ներուժ, գնահատում ենք քիչ հավանական, հետևաբար՝երկրորդային պատժամիջոցներով պայմանավորված ռիսկերը Հայաստանի համար 2025 թվականին արդիական կմնան»,–ասվում է զեկույցում։

Զեկույցում նաև շեշտվում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շարունակական կիրառումը, ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունները և մի շարք այլ գործոններ կարող են դանդաղեցնել Ռուսաստանի տնտեսական աճը՝ դրանով ստեղծելով հավելյալ ռիսկեր Հայաստանի տնտեսության համար։

«Դինամիկ փոփոխվող տարածաշրջանում առանձնահատուկ կարևորություն ունի տնտեսական դիմակայությունը, ռիսկերի կառավարումը և նոր հնարավորությունների բացահայտումը։ Անկախացումից ի վեր Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ շարունակ բախվում է տնտեսական զարգացման, լոգիստիկ հնարավորությունների ընդլայնման, տեխնոլոգիաների հասանելիության, էներգետիկ ինքնաբավության, բազմազանեցման և նմանատիպ այլ մարտահրավերների»,–ասվում է զեկույցում։