AM
27 January 2025 - 12:59 AMT

Գազալցակայաններում թերլիցքավորման խնդիրը նախատեսվում է լուծել չիպերի միջոցով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախատեսում է գազալցակայաններում հաճախակի հանդիպող թերլիցքավորման խնդիրը լուծել՝ չիպերի տեխնիկական համակարգի ներդրմամբ։ Այս մասին,անդրադառնալով հեղուկ և մեթան գազի շուկաներում արձանագրված խնդիրներին, ասուլիսի ժամանակ ասել է հանձնաժողովի դեկավար Գեղամ Գևորգյանը։

«Շուկայում թերլիցքավորման դեպքեր ենք արձանագրել։ Մի տնտեսվարողի ստուգման արդյունքում պարզվել է, որ լիցքավորման ծավալների 30%-ը խաբեություն է։ Նրա նկատմամբ կիրառվել է խիստ պատասխանատվություն։ Այժմ մենք մշակում ենք մեխանիզմ, որը հնարավորություն կտա իրական ժամանակում հետևել մուտքի և ելքի քանակին՝ չիպերի միջոցով»,– ասել է նա, գրում է Auroranews.am-ը։

Նրա խոսքով, որոշ գազալցակայաններում տեղադրվել են բալոններ, որոնց միջոցով սպառողները կարող են ստուգել լիցքավորման ծավալը։ Սակայն այդ մեխանիզմը դեռ լայնորեն չի կիրառվում։

Գեղամ Գևորգյանը նշել է, որ կարևոր է նաև ռեպուտացիոն ռիսկերի ակտիվացումը։ Նրա կարծիքով, սպառողները պետք է տեղեկացված լինեն այն ընկերությունների մասին, որոնք խաբում են, որպեսզի խուսափեն նրանց ծառայություններից։

Խոսելով հեղուկ գազի գների տատանումների մասին՝ ՄՊՀ ղեկավարը պարզաբանել է, որ գների փոփոխությունները գլոբալ շուկայի տրամաբանության մեջ են։ Գների բարձրացման և իջեցման գործընթացները Հայաստանում համապատասխանում են համաշխարհային դինամիկային։