Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ տնտեսվարողները և քաղաքացիները իրենց դժգոհությունն են հայտնել օրենսդրական փոփոխությունների և հարկերի բարձրացման դեմ։
«Ես հիմա 150 հազար եմ մուծում, թող լինի 200 հազար, բայց հաստատագրված։ Չգիտեմ՝ ուր են գնում իմ գումարները։ Մեր տված հարկերի հաշվին անձնական ինքնաթիռներով թռչում են, շքեղության մեջ ապրում։ Չտեսին տեսան։ Հիմա էլ հարկատուների գլխին բամփում են»,– ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, գրում է Panorama.am-ը։
Նա նաև ընդգծել է, որ գերադասում է վճարել ավելի մեծ չափի հաստատագրված հարկ՝ իմանալու համար, թե իր գումարները որտեղ են ծախսվում։
Ակցիայի մասնակիցը նաև խոստովանել է. «Ղալաթ արեցինք, որ ընտրեցինք, ընդունում ենք, որ սխալվել ենք։ Ցանկացած մարդ իրավունք ունի սխալվելու։ Բայց դա չի նշանակում, որ հիմա ամեն ինչ մեր գլխին պիտի բամփեն»։
Մասնակիցներից մեկը, խոսելով իրենց վճարած հարկերի մասին, դժգոհել է. «Ասում է՝ գնացեք, Ամերիկային հարկ տվեք։ Ամերիկայի տեղը գիտեմ, բայց եթե ես Ամերիկային հարկ տվող լինեի ու իմ հայրենիքի մասին չմտածեի, վաղուց այնտեղ կլինեի՝ մի քանի հարյուր հազար դոլար կվաստակեի։ Իսկ հիմա այսպես՝ ոչինչ չունեմ։ Ո՞ւր է մեզ ուղարկում։ Ավելի լա՞վ չէ, որ ինքը գնա։ Մենք մնացել ենք մեր հայրենիքում պատերազմի ծանր տարիներին, մենք մեր հայրենիքը սիրում ենք»։
Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհում են շրջանառության հարկի բարձրացումից։ Ձեռներեցները դժգոհում են նաև համընդհանուր հայտարարագրման պահանջից, քանի որ շատ դեպքերում մեծածախից հնարավոր չի լինում հաշիվ-ապրանքագիր ստանալ: