AM
28 January 2025 - 10:28 AMT

ՀՀ–ն ուսումնասիրում է ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրները

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ ՀՀ-ն որպես ցորենի ներմուծման այլընտրանքային ուղղություն դիտարկում է բոլոր այն երկրները, որոնք արտահանում են հացահատիկը և պատրաստ են գործակցել Հայաստանի հետ։ Նախարարությունից հայտնել են, որ ուսումնասիրվել են ցորենի գները տարբեր երկրներում, տեղափոխման լոգիստիկ ծախսերն ու երթուղիները, տեղեկացնում է Factor.am-ը։

«Այդ նպատակով ուսումնասիրվել են այդ ապրանքների ձեռքբերման գներն ըստ երկրների, տեղափոխման լոգիստիկ ծախսերը և երթուղիները», – նշել են գերատեսչությունից՝ չնշելով կոնկրետ երկրների անուններ։

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Հայաստանը քննարկում է ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ մի քանի երկրների հետ։

«Այլընտրանքային ներմուծման աղբյուրները դիտարկում ենք: Քննարկում ենք մի քանի երկրների հետ: Ընդ որում՝ սա որևէ երկրի դեմ չէ։ Եթե մենք մեր ցորենի 99 տոկոսը ներմուծեինք, պայմանական, Ռումինիայից, ես Ռուսաստանի հետ բանակցելու էի ցորենի ներմուծման հարցով։ Սա նորմալ, տրամաբանական գործընթաց է», – ասել էր Պապոյանը։