Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով բանակի բարեփոխումների ծրագրերին, ընդգծել է հատուկ նշանակության ստորաբաժանումների դերը։
Նա նշել է, որ ժամանակակից բանակները գործում են հատուկ նշանակության ստորաբաժանումների տրամաբանությամբ, անկախ իրենց թվաքանակից կամ չափերից, հայտնում է Արմենպրեսը։
«Դրանք փոքր ստորաբաժանումներ են մեծ խնդիրներ լուծելու համար։ Սա նշանակում է, որ պետք է ունենաս ժամանակակից սպառազինություն և դա կիրառելու համար լավ գիտելիքներ ունեցող զինվորականություն։ Դա է մեր նպատակը և դա է մեր քաղաքականությունը, որը մենք քայլ առ քայլ փորձում ենք դարձնել իրականություն»,- նշել է Քոչարյանը։
Նա ընդգծել է, որ այս գործընթացը բարդ է, բայց անչափ անհրաժեշտ՝ բանակի արդյունավետության բարձրացման և արդիականացման համար։
Հունվարի 28-ին նշվում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը։