AM
31 Հունվար 2025 - 10:22 AMT

Փաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ոչ մի պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական կամ հարկային բեռ դառնալ սոցիալապես անապահով խավերի համար։ Վարչապետն այդ մասին խոսել է ասուլիսի ժամանակ։

«Որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար չի կարող սա լրացուցիչ որևէ հարկային կամ ֆինանսական բեռ ապահովել կամ ավելացնել։ Եվ ընդհանրապես որևէ մեկի համար չի կարող ավելացնել, որովհետև համընդհանուր հայտարարագրման համակարգում չի նախատեսվում Հայաստանի հարկային օրենսդրության որևէ փոփոխություն կամ որևէ դրույքաչափի փոփոխություն։ Այսինքն՝ այն, ինչ Հայաստանի օրենսդրությամբ պետք է հարկվեր համընդհանուր հայտարարագրի համակարգի ներդումից առաջ, նույն կերպ պետք է հարկվի ներդրումից հետո։ Այսինքն՝ այդպիսի բան չկա, որ նախկինում չէր հարկվում, բայց հիմա պիտի հարկվի»,- մանրամասնել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը։

Վարչապետը կրկնել է, որ համակարգը որևէ կերպ չի ավելացնում հարկային բեռը սոցիալապես խոցելի խմբերի համար։ Նա ընդգծել է, որ այս փուլում հայտարարագիր պետք է լրացնեն միայն պայմանագրային կամ վարձու աշխատողները։

«Նախ արձանագրենք, որ այս փուլում համընդհանուր հայտարարագիր պետք է լրացնեն միայն պայմանագրային կամ վարձու աշխատող հանդիսացող մարդիկ։ Այսինքն, եթե մարդը չի աշխատում, նա առնվազն այս տարի չի լրացնելու հայտարարագիր։ Եթե մարդն աշխատող է, նրա կողմից համընդհանուր հայտարարագիր լրացնելու դեպքում նրա վրա որևէ հարկային բեռ չի ավելանում։ Ընդհակառակը՝ այս պայմաններում մեկ աշխատողի հաշվարկով առաջանում է հնարավորություն մինչև 100 հազար դրամ սոցիալական կրեդիտի ձևով հետ ստանալ կրթության և առողջապահության վրա արված ծախսերից։ Մենք հատուկ վարժություն ենք արել խնդիրը պատկերացնելու համար, թե արդյոք նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու հաշվարկով վճարվում է այնքան եկամտային հարկ, որ դա լինի 100 հազար դրամից ավելի, որպեսզի նա կարողանա հետ ստանալ։ Համակարգը գործում է հետևյալ կերպ՝ սոցիալական կրեդիտները քաղաքացին ստանում է իր իսկ վճարած եկամտահարկից։ Հիմա հարց է ծագում, իսկ արդյոք նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու համար հաշվարկվո՞ւմ և վճարվո՞ւմ է այնքան եկամտահարկ, որ նա կարողանա այդ 100 հազար դրամը հետ ստանալ։ Պատասխանն է՝ այո։ Այսինքն՝ նույնիսկ նվազագույն աշխատավարձով աշխատող քաղաքացին կարող է ստանալ 100 հազար դրամը»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ քաղաքացիների համար սոցիալական կրեդիտ ստանալու հնարավորություն է ստեղծվում, սակայն դրա համար անհրաժեշտ է ներկայացնել հայտարարագիր։

«Բայց այն ծախսերը, որ քաղաքացին օրինակ, արել է երեխային մանկապարտեզ տալու համար, որոշակի ատամնաբուժական ծառայություններ է ստացել, որի մի մասը չի փակվում ապահովագրական ընկերության կողմից, երեխային ուղարկել է ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, բռնցքամարտի, պարի, նկարչության, երեխայի համար վճարել է, օրինակ, քոլեջի ուսման վարձ, բուհի ուսման վարձ, հանրային դպրոցում դասագրքի վարձակալության վճար է վճարել, այդ բոլոր ծախսերի համար նա կարող է հետ ստանալ այդ կրեդիտը»,- պարզաբանել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ փոխհատուցումը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր։

Վարչապետը նաև նշել է, որ հայտարարագիր լրացնելու դեպքում հարկային պարտավորություն կարող է առաջանալ միայն այն դեպքերում, երբ քաղաքացին իրականացրել է գործունեություն, որի համար օրենքով հարկ պետք է վճարեր, սակայն չի կատարել այդ պարտավորությունը։

«Համընդհանուր հայտարարագրի պարագայում ոչ մի նոր հարկ չկա։ Հիմա այս հայտարարագիրը հարկային դաշտ կբերի այն մարդկանց, որոնք օրենքով պարտավոր էին եկամտային հարկ վճարել, բայց չեն վճարել»,- հավելել է Փաշինյանը։