AM
31 January 2025 - 11:05 AMT

Վարչապետ․ Առաջին անգամ պետբյուջեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 33 մլրդ դրամ շահաբաժին է ստացել

ՀՀ պետական բյուջեն առաջին անգամ ստացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շահաբաժինը, որը գնահատվում է 33 միլիարդ դրամ։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ 2021 թվականից մինչ օրս Հայաստանի կառավարությունն, այսինքն՝ ժողովուրդը, հանդիսանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր, իսկ այդ բաժնեմասի արժեքը հասնում է մի քանի տասնյակ միլիարդ դրամի, հայտնում է 1lurer.am-ը։

«Ես 2023 թվականին մի վիճակագրություն ներկայացրի, ասացի, որ 2022 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավելի շատ հարկ է վճարել, քան 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին իրար հետ վերցրած. դրանից 7 մլրդ ավելի հարկ է վճարել: Խոսքը 124 մլրդ դրամի մասին է»,- նշել է վարչապետը։

Վարչապետը հայտնել է, որ 2023 թվականին ԶՊՄԿ-ն դարձել է Հայաստանի ամենամեծ հարկատուն՝ վճարելով 94 միլիարդ դրամ հարկ, և առաջին անգամ պետական բյուջեն, որպես սեփականատեր, ստացել է 33 միլիարդ դրամ շահաբաժին։

«Տեղի ունեցավ շատ ավելի կարևոր մի բան, ստեղծվեց օրենսդրական իրավական լեգիտիմ համակարգ, որը դեռ աշխատելու է այնքան, մինչև բոլոր այդ հարցերը փակվեն: Այդ համակարգը գործելու է միշտ: Ցանկացած մեկը ցանկացած պահի, եթե ժողովրդից գողանա, պետք է իմանա, որ առնվազն գալու է այդ օրը, որ իրենից հետ են վերցնելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։