Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել հրապարակում ադրբեջաներեն երգողների տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։
«Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ մնալու օրենսդրական պահանջը, որևէ կերպ քննարկման առարկա չդարձնելով դեպքին առնչվող տարբեր հանգամանքների քննության անհրաժեշտության հարցը, որն այս փուլում այլ մարմինների իրավասության շրջանակում է, Մարդու իրավունքների պաշտպանը հարցը խիստ կարևորում է ատելության հրահրման և բռնության կոչերի քննության քրեադատավարական պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ պաշտպանը դեռ 2023 թվականին անդրադարձել է ատելության խոսքի և բռնության կոչերի քննության խնդրին՝ հրապարակելով «Ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննությունը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական համակարգում» ուսումնասիրությունը։ Փաստաթղթում նա վերլուծել է ինչպես միջազգային չափանիշները, այնպես էլ դրանց համապատասխանելու առկա խնդիրները Հայաստանում։
«Ատելության խոսքի քննությանը վերաբերելի միջազգային իրավական չափանիշներով մանրամասն ամրագրվում են այն բոլոր հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնել ատելության հրահրման պարագայում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների իրավաչափությունը գնահատելիս։ Ըստ այդմ՝ հանրային շահին առնչվող, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արված հայտարարությունների, հրապարակումների, տարածված նյութերի, քաղաքական բանավեճի, քաղաքական բնույթի քննադատության և երկխոսության պարագայում խոսքի իրավաչափ սահմանափակման շրջանակը բավականին նեղ է, և այդ սահմանափակումը, հատկապես եթե այն իրականացվում է քրեաիրավական կառուցակարգերով, պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ»,–ասվում է հայտարարության մեջ։
Պաշտպանի դիտարկմամբ՝ քաղաքական գործիչների ու պետական իշխանության ներկայացուցիչների քննադատության սահմանները շատ ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում։ Պետությունը, ըստ միջազգային չափանիշների, պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերի այսպիսի գործերով քրեաիրավական մեխանիզմների կիրառման հարցում։
Այս համատեքստում ՄԻՊ-ը հիշեցնում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումը, որի համաձայն՝ նույնիսկ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հասցեին ուղղված սուր քննադատության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել, թե արդյոք տվյալ խումբը խոցելի է հասարակության մեջ։
Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն է հայտնում Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հիման վրա անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ նման մոտեցումը կարող է խոչընդոտել խոսքի ազատության արդյունավետ կիրառմանը և ատելության խոսքի քննության ընթացակարգի միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովմանը։
Միևնույն ժամանակ, Պաշտպանը շեշտել է, որ որևէ կերպ չի կարելի արդարացնել հասարակության որևէ խմբի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, պետական ծառայողների կամ իշխանության ներկայացուցիչների դեմ ատելության խոսքի, վիրավորանքի կամ զրպարտության տարածումը։ Սակայն, անգամ այս իրավիճակում, նմանատիպ խոսքից պաշտպանվելու նպատակով քրեաիրավական գործիքների կիրարկումը պետք է ունենա հիմնավոր ու ծանրակշիռ պատճառներ։
«Մարդու իրավունքների պաշտպանն այս փուլում ունեցած տեղեկատվության համատեքստում ձեռնպահ է մնում ատելության խոսքին առնչվող խնդրից զատ հարցին առնչվող այլ հանգամանքների առնչությամբ քննության անհրաժեշտության հետ կապված դատողություններ իրականացնելուց։ Դրան հնարավոր կլինի անդրադառնալ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին առնչվող այլ տեղեկատվության առկայության և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու դեպքում»,–ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե՝ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող անձանց տեսանյութը հրապարակած ՀԿ ղեկավար Ղարիբ Բաբայանի կատմամբ։ Բաբայանը ձերբակալվել էր, ինչը դժգոհություն էր առաջացրել հանրության շրջանում՝ մարդիկ հավաքվել էին դատարանի մոտ, որտեղ քննվում էր նրա խափանման միջոցը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ազատ է արձակվել։ Nրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։






