AM
3 February 2025 - 06:41 AMT

ԶՊՄԿ-ն հրապարակել է կոմբինատում աշխատավարձերի չափը․ Քաջարանում աշխատակիցները փակ քվեարկություն են նախաձեռնել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` ԶՊՄԿ-ն, որի աշխատակիցների մի մասը գործադուլ է հայտարարել, հրապարակել է աշխատակիցների աշխատավարձերի չափը։

ԶՊՄԿ աշխատակիցների մի մասը հունվարի 31–ի առավոտից գործադուլ է հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: ԶՊՄԿ ղեկավարությունը հայտարարել էր, որ կդիմի խիստ քայլերի, եթե գործադուլը չդադարեցվի ։

ԶՊՄԿ հայտարարության մեջ ասվում է, որ 2024թ․սեպտեմբերից ընկերությունը սկսել է աշխատավարձերի վերանայման գործընթաց՝ նպատակ ունենալով ներդնել աշխատանքի վարձատրության ինստիտուցիոնալ սկզբունքներ, վերացնել սոցիալական անհավասարությունները և ապահովել ոլորտի ստանդարտների ու օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված վարձատրության թափանցիկ համակարգ։

«ԶՊՄԿ–ում հարստացուցիչ ֆաբրիկայի Ֆլոտատորի աշխատավարձը տատանվում է 399,470-594,099 դրամի սահմաններում, փականագործներինը` 329,918-580,003 դրամի սահմաններում, էլեկտրագազաեռակցողները ստանում են 359,856-609,491 դրամ աշխատավարձ։ Որոշ աշխատակիցների աշխատավարձը հասնում է 1 մլն 672 հազար դրամի։

Հանքանյութի մանրացման և փոխադրման արտադրամասում կոնվեյերավարները ստանում են ամսական 450,090-480,060 դրամ աշխատավարձ, իսկ էլեկտրագազաեռակցողները` 362,789-614,809 դրամ աշխատավարձ»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ծանր բեռնատարների վարորդների վարձատրությունը կատարվում է գործարքային համակարգով։

Նշվում է նաև, որ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցները (ներառյալ բանվորները) և նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ ծնողները, ապահովված են առողջապահական ապահովագրությամբ, իսկ այն ծախսերը, որոնք ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցում, ֆինանսավորվում են ընկերության բարեգործական հիմնադրամի կողմից։

Ընկերությունը փոխհատուցում է նաև աշխատակիցների և նրանց երեխաների ուսման ծախսերը։

«Այս ամենը հաշվի առնելով` «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և նրա աշխատակիցների մեծամասնության շահերից ելնելով՝ ընկերությունն իր իրավունքն է համարում իրավական գործընթացների շրջանակում պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին»,–ասվում է հայտարարության մեջ։

Մինչդեռ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները Քաջարանում փակ քվեարկություն են նախաձեռնել՝ ի պատասխան կոմբինատի տնօրինության և արհմիության կողմից գործադուլը «անօրինական գործողություններ» որակելու դիրքորոշման, հայտնում է «Ազատությունը»։

Քաղաքի կենտրոնում և կոմբինատի տարածքում քվեատուփեր են տեղադրվել, որտեղ աշխատակիցները կարող են անանուն քվեարկել՝ աջակցո՞ւմ են գործադուլի պահանջին, թե՞ ոչ։

Ակցիայի մասնակիցներն ավելի վաղ դժգոհել էին, թե Հայաստանի թիվ մեկ հարկատուն «չի ապահովում աշխատակիցների տարրական իրավունքները», որ գործարանի վերնախավը շքեղ մեքենաներով է շրջում, իսկ մարդկային պայմաններ գործարանում չկան:

Գործադուլ հայտարարած աշխատակիցների հետ հանդիպել էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ու լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների հանրապետաական միության նախագահ Էդվարդ Փահլևանյանը: Վերջինս ասել էր, որ իրենք փորձում են օրինական ճանապարհով տանել կոմբինատի աշխատակիցների պահանջը, որ այս գործընթացում ոչ մի աշխատակից չտուժի:

2021 թվականին ԶՊՄԿ-ի մեծամասնական բաժնետեր դարձավ ռուսական «Գեոպրոմայնինգ» կորպորացիան, որը ՀՀ կառավարությանը նվիրաբերեց կոմբինատի բաժնետոմսերի 15%-ը։ ԶՊՄԿ-ն 2024 թվականի Հայաստանի խոշորագույն հարկատուն է։