AM
3 February 2025 - 10:34 AMT

Թբիլիսիում ավելի քան 30 ցուցարար է ձերբակալվել, Նիկա Մելիան ազատ է արձակվել

Թբիլիսիում բողոքի ցույցերի ընթացքում տասնյակ մարդիկ են ձերբակալվել, այդ թվում՝ հայտնի քաղաքական գործիչներ։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է ավելի քան 30 մարդ:

«Ախալի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային, ով ձերբակալվել էր Թբիլիսիի ցույցերի ժամանակ, ազատ են արձակել, հայտնում է Eurointegration–ը։

Մելիան ազատ արձակվելուց հետո հայտարարել է ոստիկանության կողմից աննախադեպ ագրեսիայի մասին։

«Ինձ շատ անգամ են ձերբակալել, բայց ձերբակալությունից հետո ոստիկանության բաժանմունքում երբեք ֆիզիկական առճակատման մեջ չեմ եղել։ Այսօր դա տեղի ունեցավ»,– ասել է Մելիան։

Նրա պնդմամբ՝ այն ոստիկանության բաժանմունքում, որտեղ իրեն տարել էին, տեղակալը հարվածել է իրեն այն պահին, երբ ձեռնաշղթաներով նստած է եղել աթոռին։

Ինչպես հաղորդում է «Էխո Կավկազան», ամբողջ երեկոյի ընթացքում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել՝ Tbilisi Mall առևտրի կենտրոնի և գետափնյա տարածքի մոտ։

Մելիայից բացի, ձերբակալվածների թվում են Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան և Ազգային բանկի նախկին ղեկավար Գեորգի Կադագիձեն։

Ոստիկանության և ցուցարարների միջև բախումների նկարահանումների ընթացքում վիրավորվել է Pirveli հեռուստաընկերության օպերատորը։ Մամուլում հայտնվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են բերման ենթարկվածներին դաժան ծեծի ենթարկում։

Հունվարի 29-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) սահմանափակումներ է մտցրել Վրաստանի պատվիրակության համար՝ երկրում ժողովրդավարական իրավիճակի վատթարացման պատճառով։ Կազմակերպությունը պահանջում է նոր ընտրությունների անցկացում և քաղաքական բանտարկյալների ազատ արձակում։ Վրաստանի իշխող կուսակցության խորհրդարանականները հայտարարել են ԵԽԽՎ-ից դուրս գալու մասին՝ նշելով, որ կվերադառնան միայն այն ժամանակ, երբ «շանտաժը դադարի»։