AM
3 February 2025 - 13:42 AMT

Մսավաճառները բողոքի ցույց են արել Շիրակի մարզպետարանի դիմաց

Մի խումբ մսավաճառներ բողոքի ցույց են անցկացրել Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց։ Նրանք կառավարությունից պահանջում էի նախ սպանդանոցների հարցը լուծել, հետո նոր մսավաճառներից պահանջել վաճառել սպանդանոցային մորթի ենթարկված միս։

Նրանք պնդել են, որ մարզում սպանդանոցներ չկան, սակայն պետական մարմինները հաշվի չեն առնում այս իրողությունը և շարունակում են տուգանել մսավաճառներին, գրում է «Առավոտը»։

Ախուրյանի տարածաշրջանի գյուղացիներից մեկը վրդովված նշել է․ «Չգիտեմ ապրանքը ո՞ւր տանեմ, վաճառեմ, չեն էլ վերցնում միսս, Շիրակի մարզը գործող սպանդանոց չունի։ Ով փողատեր է, նա սպանդանոց ունի, նրանց ապրանքները ծախում են, գյուղացունը մնում է իրա վրա։

Ո՞ւր տանենք, ասեք։ Ես պարտք եմ վերցրել, անասնակերը գնել եմ, անասուններին պահել եմ, հիմի պիտի մորթեմ, որովհետև ստիպված եմ, հիվանդ մարդ եմ, պիտի ստենդավորվեմ, կարգ էլ չունեմ։ Չգիտեմ՝ որտե՞ղ ծախեմ, գողտո՞ւց ծախեմ։ Թող տուգանեն այն դեպքում, երբ գործող սպանդանոց կա, ես էլ գաղտնի՝ առանց սպանդանոցային մորթի կծախեմ։ Թող շինեն, մեզ էլ «զաստավիտ» անեն (պարտադրեն-խմբ.), տանենք, մորթենք։ Թող մեկը կանգնի, ասի, որ սպանդանոց կա Շիրակում»։

Մեկ այլ մսավաճառ էլ դժգոհել է, որ ստիպված են իրենց անասուններն ուղարկել այլ մարզերի սպանդանոցներ։

«Ասում են՝ մեզ հետաքրքիր չէ, որտեղ կա սպանդանոց, էնտեղ էլ գնացեք, մորթի ենթարկեք, իսկ սպանդանոց էլ կա Արմավիրում, Արագածում։ Արմավիր հասնել կլինի՞, էլ անասուն պահելու քյարը ո՞րն է»,–ասել է նա։

Բողոքողները նաև նշում են, որ այս իրավիճակից օգտվում են Լոռու մարզում բնակվող ազգությամբ եզդի 2 վերավաճառող։

«Եզդիները շատ լավ գիտեն՝ որ գյուղացու վարկի օրը երբ է, ինչքան պարտք ունի, էդ օրը գալիս են, գյուղացու ձեռքից էժան գնով առնում, տանում են Հոկտեմբերյան, մորթել են տալիս իրենց ծանոթների մոտ, էլի բերում տալիս են էս տղոնցը՝ մսավաճառներին: Սա ի՞նչ խաղ եղավ», – վրդովվել է ցուցարարներից մեկը։

Սպիտակից բողոքի ակցիային միացած գյուղացիներից մեկն էլ իր դժգոհությունն է արտահայտել՝ նշելով, որ գյուղացուն անտեսել են։

«Իրենք իրենց տաք տեղը նստած որոշում են կայացնում ու ասում են՝ էսպես է, իսկ մնացածը ոնց կանի, ինչ կանի, իրենց բացարձակ չի հետաքրքրում։ Գյուղացու տանջանք ու չարչարանքը չեն գնահատում, գյուղացուն դարձրել են ամենավերջին մարդը։ Ասում են՝ թող անի, ստեղծի, մենք էլ նստենք տաք տեղներս, ուտենք»,–ասել է նա։

Նրանք նաև պնդում են, որ գյուղացիները ստիպված են հարկադիր մորթ իրականացնել, և այս պայմաններում Շիրակի մարզում խոզաբուծությունը գրեթե վերանում է, քանի որ 80 տոկոսը այլևս խոզ չի պահում։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերին զգուշացրել էր, որ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը։