«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել հաղորդակցության պահանջին, գրել է, որ «անարգել ճանապարհի» պարտավորությունը ծնվել է ԼՂ–ի լինելով՝ եթե չկա Արցախը, չկա նաև դրանից բխող պարտավորությունը։
«Արդեն 1 տարուց ավելի է` մեսրոպատառ հայերենով բացատրում եմ, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ ձևաչափին և պահանջել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձն Արցախ։
Ասում եմ՝ պահանջեք ՌԴ խաղաղապահների վերադարձն ու անվտանգության ապահովումն Արցախում, պահանջեք Լաչինի միջանցքն այնպես, ինչպես կար մինչև դրա բլոկադան, ու պաշտոնապես հայտարարեք, որ ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից այս կետերի կատարումը պարտավորվելու դեպքում մենք կապահովենք 9-րդ կետը այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարության մեջ:
Կխուսափե՞ն նոյեմբերի 9-ի բանակցային պրոցեսի վերականգնումից, ուրեմն նույնը կլինի մեր վերաբերմունքը 9-րդ կետի պարտավորությանը»,–ասվում է գրառման մեջ։
Նա հավելել է, որ որ չկա «անարգել կամ անխոչընդոտ ճանապարհ» կամ «միջանցք» տալու այդպիսի առանձին պարտավորություն, եթե չկա Լեռնային Ղարաբաղը։
«Պետք է հստակ արձանագրել, որ «Անարգել ճանապարհի» պարտավորությունը ծնվել է Լեռնային Ղարաբաղի լինելով և եթե չկա ԼՂ-ն վերը նշված դրույթներով, ուրեմն չկա նաև դրանից բխող պարտավորությունը: Հասկանո՞ւմ եք, որ չկա «անարգել կամ անխոչընդոտ ճանապարհ» կամ «միջանցք» տալու այդպիսի առանձին պարտավորություն, եթե չկա Լեռնային Ղարաբաղը։
Իշխանությունը հետևողականորեն հայտարարում է, որ պատրաստ է տալ «անխոչընդոտ» ճանապարհ։ Հարցնում եմ՝ ինչի՞ դիմաց․ կրկի՞ն միակողմանի, կրկի՞ն առանց մեր շահը պահանջելո՞ւ։ Ինչպե՞ս անվանես այս երևույթը, երբ քեզ հասանելիքը խլել են, քեզ համարում են պարտապան, և դու անգամ մտադրված չես պնդելու և պահանջելու քեզ հասանելիքը։
Ահա սա եմ ես 1 տարի պահանջում ու բացատրում, բայց ակնհայտորեն սրա դեմ պայքարող թուրք – ադրբեջանական ագենտուրան այն նենգափոխում է, որ ոչ ոք չհասկանա, թե ի՞նչ կարող ենք դեռ անել, ինչպե՞ս կարող ենք մենք դեռ բանակցել և խաղաղ բանակցային ճանապարհով փրկել մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և, վերջապես, խուսափենք նոր պատերազմից»,–ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






