Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթը, հյուրընկալելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իր ներածական խոսքում ասել է, որ վերջինս ղեկավարում է իր երկիրը՝ սկսած 2018 թվականի թավշյա հեղափոխությունից, որը մեծ ժողովրդավարական փոփոխություն բերեց Հայաստանի համար։
Նա հավելել է, որ վարչապետն այժմ փորձում է ստեղծել ապագա, որտեղ ԱՄՆ–ն, Արևմուտքը, Եվրոպան հետաքրքրված կլինեն ՀՀ հետ համագործակցությամբ
«Նա իր երկիրն առաջնորդել է ալեկոծ ժամանակահատվածի միջով, անցկացրել է արտահերթ ընտրություններ 2021-ին: Լինելով մասնագիտությամբ լրագրող, պարոն վարչապետն այժմ փորձում է Հայաստանի և նրա ապագայի համար գրել նոր պատմություն։ Ապագա, որտեղ կլինի խաղաղություն և նորմալ հարաբերություններ հարևանների հետ, հարգանք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ և ապագա, որտեղ Միացյալ Նահանգները, Արևմուտքը, Եվրոպան հետաքրքրված կլինեն Հայաստանի հետ համագործակցությամբ։
Արդեն գոյություն ունի նոր ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերություն, ինչը մեծ քայլ առաջ է Հայաստանի ապագայի և Վաշինգտոն-Երևան հարաբերությունների համար։ Ընդունեք շնորհավորանքներս՝ վարչապետ Փաշինյան ու Արտաքին գործերի նախարար Միրզոյան, այս զարգացման համար։ Այս համագործակցությունն ակնհայտորեն բխում է թե՛ Հայաստանի, թե՛ ԱՄՆ-ի շահերից։ Այսպիսով, հրավիրում եմ պարոն վարչապետին ամբիոնից ելույթ ունենալու, ինչից հետո տեղի կունենա քննարկում»,–ասել է Հերբսթը։
Փետրվարի 1-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու Միջազգային կրոնական ազատության 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: