ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ եկամուտների հայտարարագիր ներկայացրածներն արդեն ստացել են մոտ 1․2 մլն դոլար՝ հետվերադարձի համար դիմողների թիվը գրեթե քառապատկվել է։
Նա նշել է, որ անցած տասնօրյակում 4000 հայտարարագիր ներկայացրածներից 21.5%–ը դիմել է մինչև 100,000 դրամի վերադարձի համար:
«Քիչ առաջ, տեղեկացա, որ անցած տասնօրյակում 4000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 850-ը (21.5%) դիմել է մինչև 100,000 դրամ կրթական կամ առողջապահական ծախսերի վերադարձի համար։ Պետությունը, եթե խոսենք ընդդիմադիր բառապաշարով, այս մարդկանց գրպանն է մտել, բայց տանելու փոխարեն այնտեղ թողել է մոտ 79 մլն դրամ:
Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի մոտ 60,000 քաղաքացուց ընդամենը 3800-ը (6.2%) էր դիմել 100,000 դրամ վերադարձի համար։ Մինչև այս պահը քաղաքացու գրպանին փոխանցված գումարը կազմել է 450 մլն դրամ կամ մոտ $1․2 մլն։
Առաջիկայում խորհրդարանում կհյուրընկալեմ այդ գումարը ստացած քաղաքացիների։ Միասին կփորձենք ցույց տալ, թե ինչ պարզ քայլերով և ինչ կարճ ժամանակում է հնարավոր հաստատել հայտարարագիրը և ստանալ մինչև 100,000 դրամ՝ նախորդ տարում կատարած կրթական կամ առողջապահական ծախսերի դիմաց»,–ասվում է գրառման մեջ։
Եկամուտների հայտարարագրի ներկայացման ժամկետ էր սահմանված մայիսի 1–ի, որը, սակայն, հետաձգվել է մինչև նոյեմբերի 1–ը։ Հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր վարձու աշխատողները։