AM
5 February 2025 - 13:28 AMT

Հայտարարագիր չներկայացնողների նկատմամբ տուգանք կկիրառվի՝ նախազգուշացումից հետո

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպում է անցկացրել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ՝ քննարկելու համընդհանուր հայտարարագրման հարցը։ ՊԵԿ ղեկավարը նշել է, որ 2024 թվականի եկամուտների հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը 2025 թվականի նոյեմբերի 1-ն է։

Նա ներկայացրել է նաև թե ինչ վարչարարություն է նախատեսվում հայտարարագիր չներկայացնելու դեպքում, հայտնում է «Առավոտը»։

«Առաջինը, մենք շտկման հնարավորություն ենք տալիս։ Քաղաքացին, մեկ անգամ հայտարարագիր ներկայացնելով, ունի հնարավորություն երկրորդ անգամ ներկայացնելու՝ շտկելով իր հայտարարագիրը։ Մյուս քայլը, եթե մենք ինքներս տեսնում ենք ինչ-որ խնդիր, նորից շտկման հնարավորություն ենք տալիս։ Երրորդ քայլը, նախազգուշացում ենք տալիս, չորրորդ քայլը նոր արդեն գալիս է տուգանքի հարցը։ Վարձու աշխատողների ու քաղիրավական պայմանագրով աշխատողների համար 5000 դրամ է տուգանքը, բայց սեփականատերերի համար ավելի բարձր է՝ 50 հազար դրամ։ Եվ հաջորդ քայլը դրա կրկնապատկումն է»,–ասել է նա։

Նա նաև ասել է, որ վարձու աշխատողների համար եկամուտներն ինքնաշխատ ձևով լրացվում են։

«Վարձու աշխատողների համար եկամուտներն ինքնաշխատ ձևով լրացվում են։ Ինքնաշխատ լրացվում են նաև այն վերադարձները, որոնք եկամտային հարկից տրվում են։ Մյուս մասը՝ մենք հիմա աշխատանք ենք տանում, որպեսզի կարողանանք ԿԲ-ից ստանալ ֆինանսական համակարգի տեղեկատվությունը՝ խոսքը ավանդների, վարկերի և փոխառությունների, ապահովագրական հատուցումների մասին է, որ այդ բոլոր հոսքերը կարողանանք ավտոմատացնել, որպեսզի քաղաքացիներն ավելորդ ժամանակ չծախսեն։ Նպաստները, կենսաթոշակները, սոցիալական առանձին գումարները նույնպես առաջիկայում ավտոմատացվելու են, այդ թվում՝ «Զինապահ» հիմնադրամից ստացվող հատուցումները։ Սրանք ներդնելու պարագայում բազմաթիվ հայրենակիցների եկամուտների մեծ մասն ավտոմատ կերպով լրացվելու է, իրեն մնում է մտնել ու հաստատել տեղեկատվությունը»,- ասել է նա։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ 2024 թվականին արդեն 59 հազար քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր, իսկ այս տարվա ընթացքում՝ 4451 քաղաքացի։ Առողջապահության և կրթության ոլորտում սոցիալական կրեդիտներից կամ սոցիալական ծախսերից 2024 թվականին օգտվել է 3732 քաղաքացի, իսկ այս տարի՝ արդեն 825 քաղաքացի։