Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ԶՊՄԿ–ի աշխատակիցները, նաև Քաջարանի մի խումբ բնակիչներ, հավաքվել էին կոմբինատի մուտքի մոտ՝ պահանջելով հանդիպում տնօրինության հետ։
Տնօրինության հետ հանդիպման համաձայնություն է ձեռք բերվել, հանդիպումն արդեն մեկնարկել է, հայտնում է «Ազատությունը»։
Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը հանդիպումից առաջ ասել էր, որ «մինչև խնդիրը չլուծվի, ընդվզումը շարունակվելու է»։ Մխիթարյանը նաև պարզաբանել է՝ աշխատավարձի արժանապատիվ բարձրացման իրենց պահանջը ենթադրում է աշխատավարձի բարձրացում 120-150 հազար դրամով։
Փետրվարի 4–ի երեկոյան գործադուլավորների և կոմբինատի ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպումը որևէ արդյունք չէր տվել, կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն վեցերորդ օրն է կանգնած է։ Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։