AM
5 February 2025 - 14:31 AMT

Սպորտի, արվեստի խմբակների, կրկնուսույցների վճարների հետվերադարձի կարգավորումները մշակման փուլում են

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ԱԺ–ում ՔՊ խմբակցության պատգամավորների հետ քննարկմանը, խոսելով եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին, ասել է, որ սոցիալական կրեդիտ ասվածի մասով կրթության մակարդակում ներկայիս կարգավորումներով հետվերադարձը վերաբերում է կրթության բոլոր հիմնական մակարդակներին՝ նախադպրոցականից մինչև հետբուհական։

«Ներկայումս մշակման փուլում են սպորտի, արվեստի, կրկնուսույցների վճարների հետվերադարձի կարգավորումը, շատ կարճ ժամանակահատվածում դրանք կառավարության կողմից կընդունվեն և կգործարկվեն»,-հայտարարել է Հակոբյանը, հայտնում է Panorama.am-ը։

Առողջապահության ոլորտում առողջապահական փաթեթներին է վերաբերում, երբ քաղաքացին այն ձեռք է բերել և կարող է դրա գծով փոխհատուցում ստանալ։ Նա հայտնել է, որ նախատեսվում են փոփոխություներ, որի մեջ ներառվելու են նաև ատամնաբուժական ծառայությունները։

Նա նաև հիշեցրել է, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը, որը նախապես սահմանված էր մայիսի 1-ին, երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը։

«Առաջին խումբը վարձու աշխատողներն են: Երկրորդ խումբը քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող մեր հայրենակիցներն են: Երրորդ խումբը պետական համայնքային աշխատողները, ծառայողները, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնողներն են: Չորրորդ խումբը 2023 թվականի արդյունքներով 1 միլիարդից ավելի համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպությունում մասնակից հանդիսացող քաղաքացիներն են: Հինգերորդ խմբում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքով իրական շահառու համարվողները»,- մանրամասնել է ՊԵԿ նախագահը։