Իսրայելը պաշտոնապես հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին՝ հետևելով ԱՄՆ-ի օրինակին։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտնել է, որ իր երկիրը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ դադարեցնել մասնակցությունը այդ կառույցի աշխատանքներին։
«ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ավանդաբար պաշտպանում է մարդու իրավունքները խախտողներին՝ հնարավորություն տալով նրանց խուսափել վերահսկողությունից, իսկ դրա փոխարեն համառորեն դեմոնացնում է Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարությունը՝ Իսրայելին», – հայտարարել է Սաարը, գրում է «Էխո Կավկազա»–ն։
Նախարարը հավելել է, որ Իսրայելը ենթարկվել է ավելի քան հարյուր դատապարտող բանաձևերի, ինչը կազմում է խորհրդի կողմից երբևէ ընդունված բոլոր որոշումների 20 տոկոսից ավելին։ Նրա խոսքով՝ դա ավելի շատ է, քան Իրանին, Կուբային, Հյուսիսային Կորեային և Վենեսուելային վերաբերող բանաձևերի թիվը միասին վերցրած։
Ավելի վաղ՝ փետրվարի 4-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր մի հրամանագիր, որով ԱՄՆ-ն դադարեցնում է իր անդամակցությունը մի շարք միջազգային կառույցներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում։ Թրամփը որպես հիմնական պատճառ նշել է ԱՄՆ-ի և մյուս երկրների ֆինանսական ներդրումների անհամապատասխանությունը։ Փաստաթղթում նաև նշվում է, որ Վաշինգտոնը դադարեցնում է համագործակցությունը ՄԱԿ-ի գլխավոր գործակալության հետ, որը զբաղվում է պաղեստինցի փախստականներին աջակցությամբ։