ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով տնտեսական իրավիճակին, գրել է, որ տնտեսական աճի արտաքին գործոնն էապես նվազում է։
Նա նշել է, որ մոտ 200 միլիարդ դրամի չափով հարկերի թերհավաքագրման հետևանքով պետբյուջեի պակասուրդն ավելացել է 187 միլիարդ դրամով, իսկ պետական պարտքն աճել է 8․5 տոկոսով։
«1․ 2024 թվականի տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշը կազմել է 8 տոկոս՝ առաջին կիսամյակի համեմատ նվազելով 2․5 տոկոսային կետով։
2․ Շարունակվում է գյուղատնտեսության ազատ անկումը։ Նախորդ տարվա համեմատ՝ 2024 թվականին ոլորտն ունեցել է զրոյականին մոտ աճի ցուցանիշ (1․6 տոկոս), որը տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է 2․5 անգամ։
Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների շրջանառությունը 2024 թվականին նվազել է մոտ 4 տոկոսով։
3․ Արդյունաբերության ոլորտի աճը 2024 թվականին կազմել է ընդամենը 4․7 տոկոս՝ առաջին կիսամյակի ցուցանիշի համեմատ նվազելով մոտ 4 անգամ։
4․ Կացության կազմակերպման ծառայությունների ոլորտի (հյուրանոցներ, հանրային սնունդ և այլն) 2024 թվականի աճի ընդհանուր ցուցանիշը նվազել է մոտ 30 տոկոսով՝ առաջին կիսամյակի համեմատ։
5․ 2024 թվականին մոտ 200 միլիարդ դրամի չափով հարկերի թերհավաքագրման հետևանքով ՀՀ պետական բյուջեի պակասուրդն ավելացել է 187 միլիարդ դրամով։
6․ 2024 թվականին պետական պարտքն աճել է 8․5 տոկոսով (1 միլիարդ ԱՄՆ դոլարով)՝ գրեթե 1․5 անգամ ավելի բարձր չափով, քան տնտեսությունը՝ ՀՆԱ-ի աճը։
7․ Արձանագրվում է օտարերկրյա կապիտալի «փախուստ»․ 2024 թվականի ամբողջական ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, սակայն առաջին կիսամյակում արդեն իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը նվազել է 334 միլիոն ԱՄՆ դոլարով, Հայաստանից մոտ 55 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ են դուրս եկել, քան ներհոսքն է կազմել։
8․ 2024 թվականի 4-րդ եռամսյակում նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ կազմելով 75811 դրամ»,–ասվում է գրառման մեջ։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ Երևանում քաղաքային տրանսպորտի թանկացումից գնաճը կարող է կազմել ոչ ավելի, քան 0.1%: