Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական ծանուցում են ուղարկել ԱՄՆ–ին՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության`USAID–ի գործունեությունը երկրում դադարեցվում է ։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Ամերիկյան կողմին ուղարկվել է պաշտոնական ծանուցում այն մասին, որ USAID-ի գործունեության համար երկրում իրավական հիմքեր չկան, և այն դադարեցվում է»,– ասել է նա լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեռևս հունվարի կեսերին ընդգծել էր, որ 2024 թվականի հունիսի 1-ից USAID-ի գործունեությունը երկրում իրավական հիմքեր չունի։
Մինչդեռ ԱՄՆ–ում շարունակում են քննարկել գործակալության ապագան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ղեկավարում է միլիարդատեր Իլոն Մասքը, կասեցրել է USAID-ի գործունեությունը։ Փետրվարի 2-ին Մասքը գործակալությունը որակել էր որպես «հանցավոր կազմակերպություն», որը «պետք է վերանա»։ X սոցիալական ցանցում արված մեկ այլ գրառմամբ նա USAID-ը անվանել էր «ծայրահեղ ձախ մարքսիստների օջախ, որոնք ատում են Ամերիկան»։ USAID-ի աշխատակիցներին ուղարկել են հարկադիր պարապուրդի։