AM
6 February 2025 - 10:51 AMT

Պապոյան․ ԶՊՄԿ-ի չաշխատելը բազմաթիվ ռիսկերով է հղի

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցող գործընթացներին, ասել է, որ նախարարությունը մտահոգված է։

Արդեն մեկ շաբաթ է՝ կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։

«Բնականաբար, մտահոգված ենք, որովհետև եթե Հայաստանի արդյունաբերության առաջատարը մեկ շաբաթ չի աշխատում, դա ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա։ Այս առումով մեզ համար ամենակատարյալ տարբերակը կլինի, որ հանքարդյունաբերական համալիրը հնարավորինս շուտ սկսի իր աշխատանքը։ Մեզ պետք է, որ կոմբինատն օր առաջ աշխատի, որովհետև չաշխատելը բազմաթիվ ռիսկերով է հղի»,- ասել է նա, հայտնում է «Առավոտը»։

Հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը, Պապոյանը պատասխանել է․ «Ես կարծում եմ՝ դա արհմիության և հանքարդյունաբերական համալիրի աշխատակիցների տիրույթում գտնվող հարցն է։ Որպես էկոնոմիկայի նախարարություն՝ մենք շատ կուզենք, որ հանքարդյունաբերական գործունեությունը հնարավորինս շուտ վերսկսվի»։

Երբ նրան հիշեցրել են, որ կառավարությունն ունի բաժնեմաս կոմբինատում, նախարարն ասել է՝ կառավարությունը չունի, ժողովուրդն ունի։

«Երբ 32-33 մլրդ դրամ՝ որպես մասնաբաժնից ստացված եկամուտ, փոխանցվեց պետական բյուջե, այդ գումարներով վճարվել է աշխատավարձ, կենսաթոշակ, ճանապարհ է կառուցվել, որից բոլորս ենք օգտվում»,–ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ նման հարցերի լուծումն արհմիությունների իրավասության շրջանակում է։