AM
7 February 2025 - 08:21 AMT

ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլը շարունակվում է․ Կոչ է արվել ընտանիքներով հավաքվել կոմբինատի մուտքի մոտ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ԶՊՄԿ–ի աշխատակիցների գործադուլը շարունակվում է։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում և բաց ու արդար երկխոսություն վերադասի հետ։ Թեև աշխատակիցները հանդիպել են կոմբինատի ղեկավարության հետ, սակայն որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։

Գործադուլի համակարգող խմբի անդամ Վահե Մխիթարյանը հայտնել է, որ գործադուլը շարունակվում է, հերթափոխի աշխատակիցները հրաժարվել են վերսկսել աշխատանքը և լքել են արտադրամասի տարածքը, հայտնում է Panorama.am-ը։

«Տնօրինությունը, ի դեմս միջին օղակի, հիմա գտնվում է հարստացուցիչ ֆաբրիկայում, աշխատանքից հեռացման սպառնալիքների ներքո փորձում է վերագործարկել ու այդպիսով կոտրել աշխատավորական ընդվզումը։

Գործադուլի համակարգող խորհուրդը որոշում է կայացրել աշխատավորների հետ միասին ժամը 1։00-ին հավաքվել ԶՊՄԿ մուտքի մոտ արդեն իսկ ընտանիքներով, երեխաներով, աջակիցներով։ Եկեք, սա արդեն արժանապատվության հարց է, ոչ մեկ չի կարող մեզ սպառնալիքների, աշխատանքից հեռացման և այլ ճնշումների ներքո ստիպել գործարանը վերագործարկել»,- ասել է Մխիթարյանը։

ԶՊՄԿ-ն, հանցագործության մասին 3 հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Այդ մասին ասվում է կոմբինատի տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ ընկերության վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի ընկերության հետ, ընկերության աշխատակից չի համարվում և անգամ Քաջարան կամ Կապան համայնքներից չէ։