Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում։ Այդ մասին հայտնել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում։
Դիմումներն ընդունվում են «Դիմումների միասնական համակարգ» հարթակում։
Պատգամավորը ներկայացրել է դիմելու քայլերի հաջորդականությունը։
«ՔԱՅԼ 1։ Մուտք գործել հարթակ։
ՔԱՅԼ 2։ Ընտրել «Կյանքի դժվարին իրավիճակ» բաժինը, այնուհետև «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը։
ՔԱՅԼ 3։ Տվյալների նույնականացման համար ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից մեկը։
ՔԱՅԼ 4․
· Եթե ընտրվել է «Բջջային նույնականացման քարտ» (mID) տարբերակը, անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսահամարը, ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը և հաստատել մուտքը։
· Եթե ընտրվել է «Նույնականացման քարտ» տարբերակը, ապա պետք է տեղադրել քարտը ընթերցող սարքում, մուտքագրել մուտքի PIN գաղտնաբառը և լրացնել պահանջվող տվյալները։
Ուշադրություն․ Բջջային նույնականացման քարտ (mID) կամ նույնականացման քարտ չունեցող անձինք կարող են այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ»,–ասվում է գրառման մեջ։