Ռուսաստանում տասնյակ միգրանտներ խնդիրների են բախվել՝ վերահսկվող անձանց ռեեստրում ներառվելու պատճառով։ Նրանց հաշիվները արգելափակվում են, նրանց ձերբակալում են ոստիկանները, նույնիսկ աշխատանքից ազատում։
Վերահսկվող անձանց ռեեստրն ուժի մեջ է մտել Ռուսաստանում փետրվարի 5-ին։ Ինչպես հայտնել է իրավապաշտպան Վալենտինա Չուպիկը, ռեեստրի գործարկման առաջին երկու օրերին իրեն դիմել է 31 մարդ, որոնք բախվել են խնդիրների։ Նրանցից 13-ը Ղրղզստանից են, ութը՝ Տաջիկստանից, յոթը՝ Ուզբեկստանից, ինչպես նաև մեկական մարդ՝ Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից, գրում է «Նաստոյաշչեե վրեմյան»։
Ամենաշատը՝ 17 միգրանտ, իրենց ռեեստրում հայտնվելու մասին տեղեկացել է բանկերից ստացված ծանուցումների միջոցով։ Ուժային կառույցներին մոտ կանգնած Baza Telegram-ալիքը հայտնել է, որ «հարյուրավոր օտարերկրացիներ» բախվել են հաշիվների արգելափակման հետ։
Հարցված միգրանտները պնդում են, որ օրինական հիմքերով են գտնվում Ռուսաստանում։ Չուպիկն խորհուրդ է տալիս նրանց անհապաղ հանել իրենց գումարները բանկերից։
«Քանի որ ռեեստրում կարող են ներառել ցանկացածին, խորհուրդ եմ տալիս բոլոր միգրանտներին անհապաղ հանել իրենց գումարները բոլոր բանկային հաշիվներից և ուղարկել տուն՝ թողնելով միայն անհրաժեշտ նվազագույնը»,–գրել է նա։
Իրավապաշտպանի խոսքով՝ ևս չորս միգրանտ ռեեստրում հայտնվելու մասին իմացել է ոստիկանների կողմից ձերբակալվելիս, չորսին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան սահմանապահները, իսկ մեկին հեռացրել են աշխատանքից։
Չուպիկի կարծիքով՝ դիմողների մեծ մասի դեպքում ռեեստրում ներառման համար օրինական հիմքեր չեն եղել։ Միայն չորս դեպքում հնարավոր է ենթադրել մուտքի արգելքի առկայություն, սակայն նույնիսկ դրանցից մեկի դեպքում միգրանտը չէր ստացել այդ մասին ծանուցում։
Իրավապաշտպան Ալեքսանդր Կիմն էլ նշել է, որ ռեեստրի գործարկումից հետո աճել են պետական ծառայությունների մերժման վերաբերյալ բողոքները, մասնավորապես՝ միգրացիոն հաշվառման գործընթացում։