ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր ավարտը: Թրամփը նշել է, որ «ավելի լավ է չասի», թե քանի անգամ է արդեն խոսել Պուտինի հետ, հայտնում է New York Post–ը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պուտինը «ցանկանում է, որ մարդիկ այլևս չմահանան» մարտի դաշտում:
«Այս բոլոր զոհված մարդիկ, երիտասարդ, գեղեցիկ: Երկու միլիոն՝ առանց որևէ պատճառի», – ասել է Թրամփը զոհվածների մասին:
Նա չի հստակեցրել, թե որտեղից այդ թվերը, բայց ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմ չէր լինի, եթե ինքը լիներ նախագահ, այլ ոչ թե Ջո Բայդենը:
Թրամփը նաև կրկին հայտարարել է, որ ունի պատերազմի ավարտի կոնկրետ պլան, բայց չի բացահայտել դրա մանրամասները: Թրամփի և Պուտինի հնարավոր զրույցի ժամանակը չի հստակեցվում: Մոսկվան կամ ռուսական աղբյուրները դրա մասին չեն հայտնել: Այլ աղբյուրներ, որոնք կհաստատեին երկու երկրների նախագահների հեռախոսազրույցի փաստը, չկան:
Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը NBC-ին տված հարցազրույցում ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք տեղի է ունեցել Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «չի կարող ոչ հաստատել, ոչ հերքել» Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը, քանի որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի վարչակազմերի միջև «առաջանում են բազմաթիվ հաղորդակցություններ տարբեր ալիքներով», և նա չի կարող տեղյակ լինել բոլորից, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Քանի որ Վաշինգտոնում վարչակազմը սկսում է իր աշխատանքը, առաջանում են բազմաթիվ տարբեր հաղորդակցություններ: Եվ այդ հաղորդակցությունները տեղի են ունենում տարբեր ուղիներով: Եվ, իհարկե, այս հաղորդակցությունների բազմազանության ֆոնին ես անձամբ կարող եմ ինչ-որ բանի մասին չիմանալ, տեղյակ չլինել ինչ-որ բանից: Ուստի այս դեպքում ես չեմ կարող դա ոչ հաստատել, ոչ էլ հերքել», – ասել է նա։
Հաջորդ շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ինչպես սպասվում է, կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: Ինչպես Ուոլցը հայտնել է NBC-ին տված հարցազրույցում, Եվրոպա կմեկնեն նաև ԱՄՆ պետքարտուղարը և պաշտպանության նախարարը:
Ավելի վաղ, փետրվարի 5-ին, Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը ակտիվացրել են առանձին գերատեսչությունների գծով շփումները: