AM
11 February 2025 - 13:25 AMT

Բուքմեյքերների համար 10% շահութահարկ նախատեսող նախագիծը լրացուցիչ կքննարկվի Փաշինյանի հետ

ՀՀ–ում շահումով խաղերի ոլորտի համար ներկա հարկերից և տուրքերից բացի 10 տոկոս շահութահարկ սահմանելու մասին աղմկահարույց օրինագիծը պետք է լրացուցիչ քննարկվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու օրինագիծն ընդգրկված չէ այս լիագումար նիստերի օրակարգում։

Նա նշել է, որ օրինագիծը ներառված չէ ընթացիկ նիստերի օրակարգում, քանի որ վարչապետի աշխատակազմից առաջարկ է եղել այս չորեքշաբթի այն քննարկել Փաշինյանի գլխավորությամբ, գրում է Sputnik Արմենիան։

Կառավարության դրական եզրակացությունից հետո օրինագիծը նաև ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել։

«Դա նաև իմ որոշումով է եղել, որ հնարավորություն լինի վարչապետի գլխավորությամբ ևս մեկ անգամ քննարկել»,- ընդգծել է Սարգսյանը։

Նա պարզաբանել է, որ մինչ այս հարցը քննարկելու հնարավորություն չի եղել, ուստի նախագիծը կներառվի հաջորդ քառօրյայում։

Լրագրողի հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ վարչապետը միջամտում է օրենսդիրի գործունեությանը, Սարգսյանը հորդորել է նման գնահատականներից զերծ մնալ։ Նա չի պատասխանել այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ նախագիծը չընդունվի։

Փետրվարի 5-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այս հարցի քննարկումը բավականին լարված մթնոլորտում է անցել։ Սարգսյանը անգամ վիճաբանել է իր թիմակիցների հետ՝ պնդելով, որ օրինագծի քննարկումը հետաձգելու անհրաժեշտություն չկա։ Նա նշել է, որ գործում է բացառապես պետական շահերից ելնելով և ընդգծել է, որ այս նախագծով ինքն անձնական շահ չի հետապնդում, այլ միայն ձեռք է բերում թշնամիներ՝ բուքմեյքերական ընկերությունների շրջանում։ Երկար քննարկումներից հետո հանձնաժողովը նախագիծը դրել է քվեարկության, և 3 կողմ, 2 ձեռնպահ ձայներով այն ստացել է դրական եզրակացություն՝ ընդգրկվելով ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։