AM
12 February 2025 - 13:27 AMT

Փոխնախարար․ Անհուսալի վարկերի ծրագրից օգտվելու համար դիմել է 1000 քաղաքացի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի մեկնարկից ի վեր հաստատվել է 1000 շահառուի դիմում։

«Կարծում եմ՝ լավ ցուցանիշ է։ Դիմումներն ընդունում ենք հիմնականում օնլայն տարբերակով, ովքեր չունեն նույնականացման քարտ, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայություն, նույն գործընթացը շատ արագ կիրականացվի մեր աշխատակիցների օգնությամբ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ դիմումների ընդունումը մեկնարկել է փետրվարի 1-ին և շարունակվելու է մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը։

«2024 թվականի հոկտեմբերի տվյալներով, նման կարգավիճակ ունեցող անձանց թիվը մոտ 220 հազար է։ Կարծում եմ, դեռ փոփոխություններ կլինեն, միգուցե թիվն ավելացած լինի։ Մենք կարծում ենք, որ 220 հազարի 60 տոկոսն ի վիճակի է ու կարող է դառնալ ծրագրի շահառու»,- ասել է պաշտոնյան։

Փոխնախարարը նաև ընդգծել է, որ ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերից ու վարկային կազմակերպություններից վերցրած վարկ կամ վարկեր ունեն, որոնք առնվազն երեք տարի չեն սպասարկվել և դասակարգվել են որպես անհուսալի։ Միևնույն ժամանակ, վարկերի մայր գումարի հանրագումարը չպետք է գերազանցի 1 մլն դրամը։