Հայաստանի կենտրոնական բանկը նախատեսում է առաջիկա տարիներին խստացնել հիփոթեքային վարկավորման շուկայում հնարավոր ռիսկերի վերլուծությունը։
Այս մասին նշված է «ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ բանկերի նկատմամբ 2025-2027 թվականներին իրականացվող պրուդենցիալ վերահսկողության առաջնահերթություններ» փաստաթղթում, հայտնում է Sputnik Արմենիան։
ԿԲ-ն առաջարկում է մանրակրկիտ վերահսկողություն սահմանել շինարարության ոլորտում հիփոթեքային վարկավորման ծավալների նկատմամբ։ Նախատեսվում է նաև գնահատել, թե արդյոք բանկերը ավելորդ ռիսկերի չեն դիմում՝ ձգտելով առավելագույն շահույթ ստանալ հիփոթեքային վարկավորման աճի ֆոնին։
Բացի այդ, նախատեսվում է ավելի խիստ վերահսկել այն հաշիվները, որոնց վրա բնակարան գնողները փոխանցում են գումար, մինչդեռ կառուցապատողներն դրանց հասանելիություն են ստանում միայն շենքի պատրաստ լինելուց հետո։
ԿԲ-ն մտադիր է ուժեղացնել նաև վարկերի վերակառուցման մոնիտորինգը։ Մրցակցության աճի հետևանքով Հայաստանի բանկերը հաճախ առաջարկում են վարկային մարումների համար բոնուսներ, ներառյալ քեշբեքի մեխանիզմներ, ժամկետների երկարացումներ կամ տոկոսադրույքների նվազեցում։ Այս պրակտիկայի միջոցով բանկերը ոչ միայն փորձում են պահպանել իրենց հաճախորդներին, այլև գրավել մրցակիցների վարկառուներին։ ԿԲ-ն կուսումնասիրի, թե երբ է հաճախորդների ներգրավման այս պրակտիկան համարվում առողջ մրցակցություն, և երբ այն կարող է հանգեցնել վարկառուների ֆինանսական վիճակի թերագնահատման։
Վերջին 10 տարվա ընթացքում՝ 2014-ի վերջից մինչև 2024-ի վերջ, Հայաստանում հիփոթեքային վարկավորման պորտֆելը աճել է 7 անգամ՝ հասնելով 1 տրլն 423 մլրդ դրամի (մոտ 3 մլրդ 576 մլն դոլար)։ Այս աճը հիմնականում պայմանավորված է եղել հարկային արտոնություններով, որոնք 2015 թվականից գործում են առաջնային շուկայից հիփոթեքային վարկով բնակարաններ գնելու համար։ 2022 թվականից կառավարությունը սկսել է աստիճանաբար դադարեցնել այս ծրագիրը։