AM
14 February 2025 - 09:08 AMT

ՊԵԿ․ Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ այն անձինք, որոնք արդեն ներկայացրել են եկամուտների հայտարարագիր և տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար իրականացրել են սոցիալական ծախսեր՝ առողջապահության կամ կրթության ոլորտում, համապատասխան հաշվարկային փաստաթղթի առկայության դեպքում կարող են դիմել և ստանալ այդ գումարների փոխհատուցումը։

Այդ գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․

Քայլ 1․ Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ ապա «Հարկային հաշվեկշիռ» բաժնում «Սոցիալական ծախսեր» պատուհանում տեսեք վերադարձման ենթակա գումարի չափը։

Քայլ 2․ Վերադարձեք գլխավոր էջ, մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, ապա «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար»։

Քայլ 3․ Բացված պատուհանում լրացրեք Ձեր բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարը։ Հաշվեհամարը մուտքագրելուց հետո բանկի անվանումը կլրացվի ինքնաշխատ։ Դիմումը լրացնելուց հետո սեղմեք «Գրանցել» կոճակը։ Եթե համակարգի «Անձնական տվյալներ» բաժնում բանկի տվյալները նախապես լրացված են, ապա դրանք ինքնաշխատ կտեղադրվեն դիմումում։

Քայլ 4․ Դիմումը գրանցելուց հետո բացվող պատուհանում անհրաժեշտ է սեղմել «Մարում/վերադարձ» կոճակը, որպեսզի գումարը փոխանցվի Ձեր միասնական հաշվին։ Նշված կոճակը հասանելի է նաև «Հարկային հաշվեկշիռ» էջում։

Քայլ 5․ Գրանցված դիմումը կհայտնվի «Լրացված հայտարարագրեր» բաժնում։ Վերջնական քայլով անհրաժեշտ է սեղմել «Ստորագրել» կոճակը, ընտրել ստորագրության տեսակը և էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել դիմումը, ապա սեղմել «Հանձնել ՊԵԿ»։

«Այս գործընթացն ավարտելուց հետո սոցիալական ծախսի փոխհատուցման գումարը կփոխանցվի Ձեր նշած հաշվեհամարին դիմումը ներկայացնելուց հետո մինչև երրորդ աշխատանքային օրը»,–ասվում է հաղորդագրության մեջ։