Հայկական ընկերություններից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել իրանական «Չաբահար» նավահանգստի ազատ առևտրի գոտում գրանցվելու և լոգիստիկ գործունեություն սկսելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ընկերության գրանցումը «Չաբահար» ազատ առևտրի գոտում արդյունք է հայկական ընկերությունների և իրանական կողմի միջև ստորագրված փոխըմբռնման և համագործակցության հուշագրի։
Գերատեսչությունից հիշեցրել են, որ հուշագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 11-14-ը՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում։
Այնուամենայնիվ, բեռնափոխադրումների արժեքի վերաբերյալ դեռ հստակ տվյալներ չկան։
«Տնտեսական արդյունավետության ցուցանիշը հասկանալու առումով անհրաժեշտ է որոշակի քանակությամբ բեռների փոխադրումներ իրականացնել, որոնց ուղղությամբ ևս ներկայում աշխատանքներ են իրականացվում»,- նշել են նախարարությունում։
Երևանը շահագրգռված է Իրանի և Հնդկաստանի միջև առևտրային միջանցքի ստեղծմամբ և աշխատում է «Չաբահար» նավահանգստով դեպի Հնդկաստան, Չինաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների կազմակերպման վրա։
Նախարարությունը շեշտել է, որ Հայաստանը ջանքեր է գործադրում արտաքին աշխարհի հետ լոգիստիկ կապերի դիվերսիֆիկացման ուղղությամբ, և «Չաբահար»-ի ներառումը կարող է դառնալ այդ ծրագրերից մեկը։
Ըստ գնահատականների՝ Հնդկաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ կանոնավոր բեռնափոխադրումների հաստատումը թույլ կտա կրճատել փոխադրումների ժամանակը և նպաստել առևտրային հարաբերությունների զարգացմանը։
2024-ի մայիսին նախատեսվում էր «Չաբահար» նավահանգստով նոր առևտրային ուղի գործարկել՝ Հայաստանը կապելով Հնդկաստանի հետ։ Այս նախագիծը պետք է կարևոր օղակ դառնար տարածաշրջանային լոգիստիկ ցանցի ամրապնդման գործում։
Երթուղու գաղափարը ծագել է 2023 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ բեռնափոխադրումների կազմակերպման և «Չաբահարում» գործառնական կետ բացելու համար։ Սակայն երթուղու գործարկման ժամկետները դեռևս անորոշ են։
Ըստ նախնական նախագծի՝ բեռները պետք է տեղափոխվեն Հնդկաստանի «Մումբայ» նավահանգստից դեպի «Չաբահար», այնուհետև ցամաքային ճանապարհով Հայաստան, ապա Վրաստան։ Վրացական նավահանգիստները կարող են դառնալ ելակետ դեպի Եվրոպա, իսկ «Վերին Լարս» անցակետով՝ Ռուսաստան առաքումների համար։