ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հրավիրած ասուլիսում նշել է, որ ներկայումս ղարաբաղցիների՝ Ղարաբաղ վերադառնալու միակ տեսանելի տարբերակը կապված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ։ Նա ընդգծել է, որ եթե Ադրբեջանն ընդունում է այդ փաստաթղթում նշված ճանապարհի առկայությունը, ապա հայկական կողմը կարող է պահանջել վերադառնալ այդ հայտարարության բոլոր կետերին և վերսկսել քննարկումները։
«Սա միակ տեղն է, որից կարելի է բռնել և ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ՝ հետ բերել բանակցային գործընթացի մեջ։ Իմ պատասխանը դրական է, այդ հնարավորությունը ես տեսնում եմ, հավանականությունը փոքր է, չափազանց փոքր։ Բայց մենք այն վիճակում ենք, որ նույնիսկ փոքր հավանականությունը պետք է օգտագործել, որ մի տարի հետո չասենք, թե այս հնարավորությունը կար և մենք չօգտագործեցինք»,–ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Քոչարյանի համոզմամբ՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը չի ձեռնարկում այդ քայլերը, քանի որ չի ցանկանում, որ ղարաբաղցիները վերադառնան իրենց ծննդավայր։
«Մենք դա չենք անում, որովհետև այս իշխանությունը չի ուզում, որ ղարաբաղցիք վերադառնան այնտեղ, որովհետև համարում է, որ սա իր կյանքն ինչ-որ տեղ կարող է բարդացնել։ Իրենց համար ավելի ձեռնտու է, որ ղարաբաղցիք Հայաստանում էլ չմնան. սկզբունք կա՝ «нет человека – нет проблемы», հիմա այս ճանապարհի վրա ենք»,-ասել է Քոչարյանը։
Քոչարյանը նշել է, որ 2018-2020 թվականներին Ղարաբաղի հարցում ամենակոշտ բանակցողը եղել է Նիկոլ Փաշինյանը, քանի որ, ըստ նրա, բանակցություններն անիմաստ էին։ Նա այդպես է արձագանքել այն տեսակետներին, թե Արցախի հարցով ամենակոշտ բանակցողն ինքն է եղել։
«Ես երբեք որևէ բանակցային գործընթացից չեմ հրաժարվել, չեմ վախեցել, որ կարող է` մի փաստաթուղթ բերեն, որին ես էդ այկիդոն չկարողանամ անել լավ իմաստով, որը չեմ կարողանա բարեփոխել։ Բանակցությունները դիվանագիտություն են ենթադրում, իսկ դիվանագիտությունը պատ ջարդելը չէ»,- ասել է Քոչարյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով՝ ներկայումս միակ հնարավոր քննարկման թեման արցախցիների վերադարձի հարցն է, սակայն նման գործընթացի համար անհրաժեշտ են հմտություն և ցանկություն, որոնց բացակայությունն այժմ ակնհայտ է։
Անդրադառնալով այն պնդումներին, թե հենց իր պաշտոնավարման ընթացքում Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից, Քոչարյանը նշել է, որ դա կեղծ թեզ է, որն անընդհատ շրջանառվում է։
«Մեկ օրինակ հիշեցրեք իմ ժամանակաշրջանից, երբ համանախագահողները եկել են տարածաշրջան և չեն գնացել Ղարաբաղ, չեն հանդիպել Ղարաբաղի ղեկավարության հետ։ Մինսկի խմբի շրջանակում բոլոր գործողությունները եղել են Ղարաբաղի ներգրավվածությամբ, Ղարաբաղը եղել է կոնֆլիկտի կողմ։ Իմ ու Ալիևի բանակցային գործընթացը եղել է այդ գործընթացին զուգահեռ մի պրոցես, որն ավարտվել է Քի Վեսթով»,- շեշտել է ՀՀ երկրորդ նախագահը։
Նա հավելել է, որ եթե չլիներ Քի Վեսթը, որտեղ, ըստ էության, Ալիևը համաձայնում էր, որ Արցախը միանա Հայաստանին, ապա չէին լինի նաև Մադրիդյան սկզբունքները, որոնք ամրագրում էին Արցախի ինքնորոշման իրավունքը։
«Եվ այդ իրավունքը ֆիքսվում էր արդեն ոչ թե տարածքային ամբողջականության և ինքնորոշման ամուսնությամբ, այլ հնարավորություն կար ամբողջական ինքնորոշման ճանապարհով ունենալ Արցախի Հանրապետություն»,- ասել է Քոչարյանը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։