AM
17 February 2025 - 11:17 AMT

Փաշինյանն աշխատաժողով կանցկացնի խոշոր հարկատու ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ աշխատաժողով կանցկացնի 2024–ին 50 միլիոն դրամ և ավելի հարկ վճարած ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում: Գործարար համայնքին հուզող շատ հարցերի Կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ, առնչվում ենք տարբեր նամակների բերումով: Այդ դիմումների հետ իմ աշխատանքից հանգել եմ եզրակացության, որ տնտեսական գործունեության եւ ներդրումային միջավայրում առկա խնդիրներին եւ հնարավորություններին, կառավարման արդյունավետության բարձրացման և բարեփոխումների առաջնահերթություններին Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-Գործարար համայնք համատեղ ձևաչափով անդրադառնալու և համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա: Առաջիկայում մտադիր եմ մի նման աշխատաժողով կազմակերպել»,- գրել է նա։

Վարչապետը նշել է, որ աշխատաժողովին հրավիրվում են ոչ միայն խոշոր հարկատու ընկերությունների ղեկավարները, այլև գործարար համայնքն ու ՓՄՁ-ների ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են քննարկման բերել իրենց խնդիրները։

«Աշխատաժողովին հրավիրում եմ մասնակցել 2024 թվականին 50 մլն դրամ եւ ավել հարկ վճարած այն ընկերությունների ղեկավարներին, ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով: Հրավիրում եմ նաեւ գործարար, այդ թվում ՓՄՁ համայնքը միավորող կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի քննարկման բերեն աշխատաժողովին ուղղակի մասնակցության հնարավորություն չունեցող իրենց անդամներին հուզող հարցերը»,- հավելել է վարչապետը։

Աշխատաժողովին մասնակցելու հայտերը կարելի է ուղարկել մինչև փետրվարի 28-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով նաև երեք հարց, որոնք վերաբերում են առկա խնդիրներին։ Ամենահաճախ հիշատակված հարցերը կդառնան աշխատաժողովի օրակարգի մաս։

Աշխատաժողովը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի ապրիլին, իսկ հրավիրյալները օրվա և տեղի մասին կտեղեկացվեն աշխատանքային կարգով։